Կաուչուկի և լատեքսի արտադրությամբ զբաղվող «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների համար վերջին տարիները վերածվել են հասանելիք աշխատավարձը տանալու համար անվերջ պայքարի։ Քլորոպրենային արտադրամասում հերթափոխի պետ աշխատող 43-ամյա Ռուբենը նշում է, որ վերջերս իրենք ստացան 2013 թվականի հունիսի աշխատավարձը, և հիմա որոշում են, թե այդ փոքր գումարով ինչպես փակել կուտակված պարտքերը։ «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը, որի 10 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը, վերջին տարիների ընթացքում բազմիցս խախտել է աշխատողների իրավունքները։ Ռուբենի խոսքով՝ սկզբում աշխատավարձը վճարում էին 40 օրը մեկ, հետո 45 օրը մեկ, ու ամեն անգամ մեկ ամսվա աշխատավարձ էին տալիս, այսպիսով, պարտքը կամաց֊կամաց կուտակվում էր։ Հետո արդեն հարկադիր պարապուրդի մեջ գտնվող 1200 աշխատակիցները և մոտ 1000 գործող աշխատողներն իրենց աշխատավարձը ստանում էին կառավարության կամ նախագահականի դիմաց բողոքի ակցիա կազմակերպելուց հետո։
Խիստ թունավոր արտադրամասում աշխատող հերթափոխի պետը պատմում է, որ իրենց արտադրամասի աշխատողների աշխատավարձերը 50 տոկոսով բարձրացրեցին 2009 թվականին տեղի ունեցած վթարից հետո․ նախկինում ամսական 120 հազար դրամի մոտ գումար էր ստանում, հիմա՝ 175 հազար։
Այլ արտադրամասերում աշխատավարձի բարձրացում խոստացել էին, սակայն դա տեղի չէր ունեցել, և այս պահին էլ աշխատավարձերը ցածր են։ Աշխատողները ստանում են 80֊ից 100 հազար դրամ, հերթափոխի պետերը 10 տոկոսով ավելի շատ։ Մինչև արտադրամասի պետի պաշտոնը աշխատավարձերի տարբերությունը չնչին է, բայց «աշխատավարձի կազմակերպման պրոցեսին մենք չէինք մասնակցում»։
Մինչև հարկադիր պարապուրդը «Նաիրիտի» արտադրամասերում աշխատում էին 2 հերթափոխով՝ 10 և 14 ժամ, որոշ արտադրամասերում էլ 12֊ական ժամ յուրաքանչյուր հերթափոխում։ Հարցին՝ արդյոք հնարավոր է խիստ թունավոր արտադրամասում 14 ժամ անընդմեջ աշխատել, Ռուբենը դրական պատասխան է տալիս․ «Հավատացեք, հնարավոր է եղել, ու աշխատել ենք։ Դժվար է, իհարկե, երբեմն քիթ սրբելու ժամանակ չի լինում, բայց աշխատել ենք»։ Նա ասում է, որ հենց իրենք են խնդրել, որպեսզի հերթափոխն այդքան երկար տևի։ Ամսվա կտրվածքով իրենք 12 օր են աշխատում՝ մոտ 144 ժամ, ոչ ավել քան նախատեսված է աշխատանքային օրենսգրքով, բայց երկար հերթափոխը հնարավորություն է տալիս ավելի քիչ անգամներ գործարան գալ։ Աշխատակիցների համար դա կարևոր է, քանի որ տրանսպորտի գումար քիչ են ծախսում։
«Նաիրիտի» մեկ այլ աշխատակից Հայկը, որը 30 տարի է գործարանում աշխատում, հաստատում է Ռուբենի խոսքերը։ Գործարանը, ի տարբերություն ԽՍՀՄ տարիների, աշխատողներին ավտոբուս չի տրամադրում, բացի դա, գործարանի մոտ ուշ ժամերին հանրային տրանսպորտ չի հասնում, և գիշերային հերթափոխներից հետո տուն հասնելը կամ գործարան գալը մշտական խնդիր է։
Ռուբենի խոսքով՝ ինքը երբեք չի լսել, որ աշխատողները կարճ հերթափոխի կամ տրանսպորտի տրամադրման պահանջ դնեն, դա երբեք իրենց «չի նեղել»։
Այս պահին, երբ գործարանը արտադրանք չի տալիս, հերթափոխը 24 ժամ է, քանի որ չկա նույն աշխատանքային լարվածությունը, ասում է Ռուբենը։ Այսօր «Նաիրիտի» աշխատողների համար ամենակարևորն աշխատավարձի խնդիրն է, որը ստանալը գերխնդիր է՝ նախագահականում ու կառավարությունում «նաիրիտցիներին» շատ բան չեն խոստանում։