Ստամբուլում հայերեն ու թուրքերեն լեզուներով լույս տեսնող «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար պատասխանատու են երկու նախկին ոստիկանապետեր։ Hurriyet Daily News կայքի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է 2007 թվականի հունվարի 19-ին Դինքին մահացու հրազենային վիրավորում հասցրած Օգյուն Սամասթը։
Վերջինս Դինքի սպանության գործը քննող դատախազին նամակ էր հղել նոյեմբերի 17֊ին՝ նշելով, որ ցանկանում է նոր մանրամասներ հայտնել։ Սամասթը դեկտեմբերի 5֊ին հարցաքննվել է որպես վկա։
Նրա խոսքով՝ սպանության հետևում կանգնած են Տրապիզոնի այն ժամանակվա ոստիկապանապետ Ռամազան Աքյուրեքն ու Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության այն ժամանակվա պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը։
«Նրանք են ինձ ստիպել [իրականացնել Դինքի սպանությունը]: Յասին Հայալը մեղքն իր վրա է վերցնում ու ասում է` ինքն է ինձ ստիպել, սակայն նա չի տալիս սպանության հետևում կանգնած մարդկանց անունները: Ճշմարտությունը կբացահայտվի, եթե ուսումնասիրվեն իմ թված ոստիկանների՝ Աքյուրեքի, Յըլմազերի ու այլոց միջև կապերը»,֊ իր վկայության մեջ ասել է Սամասթը։
Նա պատմել է, որ գործով մեկ այլ մեղադրյալ, հետագայում արդարացված Էրհան Թունջելին հանդիպել է Հայալի միջոցով․ «Հայալն սպանությունից առաջ ինձ տարել էր Թունջելի տուն, ու ես լսել եմ նրանց խոսակցությունը։ Էրհանն ու Յասինը խոսում էին ծրագրի մասին։ Ես լսեցի՝ ինչպես Էրհանն ասաց՝ «ղեկավարները Ռամազան Աքյուրեքն ու Ֆուաթն են»։ Թունջելի տնից հեռանալուց հետո Յասինին ասացի՝ «Աքյուրեքին գիտեմ, Տրապիզոնի ոստիկանապետն է, իսկ Ֆուաթն ո՞վ է»։ Յասինը պատասխանեց, որ նրանք Էրհանի ծանոթներն են»։
Սամասթի խոսքով՝ Հայալն ասել էր, որ սպանության ծրագրի մասին տեղյակ են, ավելին՝ դրա հետևում կանգնած են Աքյուրեքն ու Ստամբուլի ոստիկանապետը։
«Մտածիր, սա մեծ գործ է, հերոս կլինես։ Քեզ համար շատ խնդիրներ կստեղծեմ, եթե հրաժարվես»,֊ Հայալի՝ իրեն ուղղված խոսքերն է մեջբերել Սամասթը։
Հիշեցնենք, որ Օգյուն Սամասթը դատապարտվել է 23 տարվա ազատազրկման: Սամասթին սպանությունը պատվիրած Յասին Հայալը ցմահ ազատազրկման է դատապարտվել, իսկ ազգայնական Էրհան Թունջելն արդարացվել էր: