2008 թվականի Մարտի 1-ին «Չերյոմուխա 7» հատուկ միջոցի օգտագործման հետևանքով մահացել է 3 մարդ, 3-ը վիրավորվել են։ «Չերյոմուխա 7» գազային փամփուշտ֊նռնակի զոհերն են՝ Տիգրան Խաչատրյանը, Արմեն Ֆարմանյանը և Գոռ Քլոյանը։ Փաստահավաքի խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանի հարցին ի պատասխան՝ ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Բագրատ Խաչատրյանը նշում է, որ «Չերյոմուխա 7» հատուկ միջոցը «օգտագործվում է փակ տարածքներում, իրավունք չունես դրանով կրակելու անձամբ մարդու վրա, դաժե ամբոխի ուղղությամբ»։
Մարտի 1-ին «Չերյոմուխա 7» գազային նռնակ փամփուշտները կրակել են 1033 զորամասի ենթասպաներ Մկրտիչ Ղարիբյանը՝ 8 հատ, Վարդան Սահակյանը՝ 9 հատ, ինչպես նաև ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի ենթասպաներ Լևոն Հակոբյանը՝ 20 հատ, Ավետիք Աթաբեկյանը՝ 19 հատ։ Ընդամենը օգտագործվել է 56 հատ «Չերյոմուխա 7» տեսակի հատուկ միջոց։
Փաստահավաք խմբի հարցուպատասխանի ժամանակ Մկրտիչ Ղարիբյանը պնդում է, որ «Չերյոմուխա 7»֊ը կրակել են ոչ թե մարդկանց վնասելու նպատակով, այլ «ձայնի համար», սակայն չի կարողանում բացատրել, թե ինչպես հատուկ միջոցը մարդկանց մահվան պատճառ է դարձել։ Վարդան Սահակյանը պնդում է, որ իր կրակոցից մարդ չի մահացել, քանի որ ինքը կրակել է պատին կամ բորդյուրին, իսկ Լևոն Հակոբյանն ասում է, որ ինքը կրակել է Մաշտոցի պողոտայի անկյունում գտնվող բարձր պատի վրա։
Ականատեսները վկայում են, որ Հակոբյանի նկարագրած տեղում «Չերյոմուխա 7» փամփուշտ֊նռնակից վիրավորել է Գոռ Քլոյանը։ Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե արդյոք կրակելուց հետո փամփուշտ֊նռնակը բացվել է՝ Հակոբյանը պատասխանում է․ «100 տոկոսով, գազը թողել ա»։
Մարտի 1-ի իրադարձություններին նվիրված «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի հեղինակ Տիգրան Պասկևիչյանը նշում է, որ «չնայած Լևոն Հակոբյանի 100 տոկոսանոց պնդմանը, Գոռ Քլոյանին խոցած փամփուշտ նռնակը բացվել է հիվանդանոցում՝ վիրահատության ժամանակ»։
«Չերյոմուխա 7» հատուկ միջոցը կիրառելուց առաջ կիրառողը պարտավոր է ձայնով, այսինքն՝ բարձրախոսով, մի քանի անգամ զգուշացնել հատուկ միջոցի կիրառման մասին, ու պատասխան ռեակցիա արտահայտելու ժամանակ տալ մարդկանց։ Բագրատ Խաչատրյանը նշել է, որ ինքն այդ կարգը չի կիրառել, քանի որ նման առաջադրանք չի ստացել։ Փաստահավաք խմբի անդամների հետ զրույցում ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը հայտարարում է, որ ծառայողական քննության նյութերի մեջ գրված է, թե ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում, և ինքը հրաժարվում է հարցերի պատասխանել։
«Հա, եկել եմ՝ լռեմ», ֊ ասում է Պետրոսյանը։
Տիգրան Պասկևչիյանը եզրակացնում է, որ «Չերյոմուխա 7» հատուկ միջոցի կիրառման հարցում ոչ մի մութ կետ չկա․ «Հայտնի են դերակատարները, հայտնի են հրաման տվողները, հայտնի են հրաման տվողներին հրաման տվողները»։
2008 թվականի Մարտի 1-ին ՀՀ իշխանությունները (նախագահ Ռոբերտ Քոչարյան, ԿԸՀ֊ի կողմից ընտրություններում հաղթող ճանաչված նախագահի թեկնածու, գործող վարչապետ Սերժ Սարգսյան) ցրեցին Ազատության հրապարակում 10 օր խաղաղ ցույցեր անցկացնող քաղաքացիներին, ապա երեկոյան հրազեն կիրառեցին ընդդիմության աջակիցների դեմ։ Հետագայում քննչական մարմինները և դատարանները չանդրադարձան օրենքի խախտումները բացահայտող փաստերին։ Օրենքի բազմաթիվ խախտումների մասին վկայում են Մարտի 1-ի իրադարձությունները քննելու համար ստեղծված Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի ներկայացրած զեկույցները, որոնցում ընդգրկված փաստերն արտացոլվել են Տիգրան Պասկևիչյանի և ռեժիսոր Արա Շիրինյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմում։ Այսօր՝ Մարտի 1-ի 7-րդ տարելիցի օրը, Epress.am֊ը մի քանի հոդվածներով անդրադառնում է զեկույցներում և «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմում ներկայացված փաստերին։ Նշենք, որ մինչ օրս 10 մարդու սպանության համար ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ոչ ոք չի դատապարտվել։
«Հայաստանի կորսված գարունը» ֆիլմն ամբողջությամբ՝ այստեղ