15֊ամյա Դավիթ Հովակիմյանի սպանության փորձի մեջ մեղադրվող վանաձորցի Կարեն Կունգորցևի գործով անցնող գրեթե բոլոր վկաները՝ շուրջ 3 տասնյակ, դատարանում հայտնել են, որ դեպքի վայրում Կունգորցևին չեն տեսել և նրան չեն ճանաչում։ Եվս 2-ը նշել են, որ նրան տեսել են գիշերօթիկ դպրոցի մոտ՝ երիտասարդների վիճաբանության վայրից մոտ 500 մետր հեռու: Այս մասին այսօր Epress.am-ին ասել է մեղադրյալի պաշտպան Արայիկ Պապիկյանը:
Այսօր Վանաձորում կայացած գործով հերթական նիստին դատարանը շարունակել է 2013 թվականի հոկտեմբերի 12-ին սպանված Հովակիմյանի ընկերների հարցաքննությունը: Հովակիմյանը Վանաձոր էր գնացել հանդբոլի իր թիմի հետ, և այնտեղ վիճաբանության ժամանակ նրան դանակահարել էին:
Կունգորցևի փաստաբանն ընդգծել է, որ այսօր էլ դատարանում ցուցմունք տվող երիտասարդներից մեկն ասել է, որ շատ բան չի հիշում, քանի որ դեպքից երկար ժամանակ է անցել։ Նրա խոսքում նախաքննական ցուցմունքը հերքող փաստեր են եղել։ Մասնավորապես, նախաքննության ընթացքում երիտասարդը նշել է, որ ինքն է առաջարկել վիճաբանող խմբին անցնել այգու մեկ այլ կողմ, իսկ այսօր ասել է, որ առաջարկն այլ տղաներ են հնչեցրել։
«Այս մի վկան էլ հիշողության կորուստով էր տառապում», – ասել է Արայիկ Պապիկյանը:
Փաստաբանն ասել է, որ հաջորդ նիստին վերջին երկու վկաներին հարցաքննելուց հետո դատարանը կանցնի տուժողի իրավահաջորդի` Հովակիմյանի հոր հարցաքննությանը:
Նշենք, որ Կարեն Կունգորցևը չի ընդունում ոչ իրեն ի սկզբանե մեղսագրված արարքը՝ Դավիթ Հովակիմյանի սպանությունը, ոչ էլ դեպքից 10 ամիս անց փոփոխված՝ սպանության փորձի մեղադրանքը:
Մեղադրյալը կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմել է ինքնավնասման, հացադուլ է արել: Նրա մայրը նշել է, որ որդուն ծեծել են ոստիկանությունում՝ պահանջելով ընդունել մեղքը:
Կունգորցևի մեղադրանքը սպանությունից սպանության փորձի է վերաորակվել օգոստոսի վերջին։ Միևնույն ժամանակ անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերելու և մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ մեղադրանք է առաջադրվել «Վանաձորի բժշկական կենտրոն» ընկերության բժիշկ Վլադիմիր Ղուկասյանին, ով կալանավորվել է։