Home / Հայաստան / Հարավային Օսիայից գործընկերոջ հետ լուսանկարը չի հուզում Գալուստ Սահակյանին

Հարավային Օսիայից գործընկերոջ հետ լուսանկարը չի հուզում Գալուստ Սահակյանին

ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանին չեն հուզում «անիմաստ խոսակցությունները»՝ կապված Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակի հետ իր հանդիպման հետ: Այս մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպմանը՝ մեկնաբանելով Երևանում իր և Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովի հանդիպումը

«Ես չեմ պաշտպանում նրանց, ովքեր փորձում են պիտակավորել, կամ նրանց, ովքեր փորձում են հակառակն անել՝ գովաբանել: Անիմաստ խոսակցություններն՝ իրենց հետևանքներով, ինձ չեն հուզում», – հայտարարել է Սահակյանը՝ նշելով, որ քաղաքական նպատակներով կարելի է հարվածել և իրեն, և ինչ-որ կերպ այդ փաստն օգտագործել Վրաստանում:

Մեկնաբանելով իրենց հանդիպման լուսանկարների հրապարակման փաստը՝ Սահակյանն ասել է․ «Մենք լուսանկարվել ենք, որովհետև ես նրա հետ չեմ հանդիպել գաղտնի տեղերում, ինչպես ձեզ կարող է ցանկալի լիներ»:

Վրաստանի իշխանությունները կտրուկ էին արձագանքել Սահակյանի ու Բիբիլովի «ոչ պաշտոնական հանդիպմանը»։ Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը հրավիրվել էր ԱԳՆ՝ պարզաբանումներ տալու։ Դրանից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը զանգահարել է Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլուն ու արձանագրել հանդիպման մասնավոր բնույթը և հանդիպման ընթացքում քաղաքական դիրքորոշումների շուրջ քննարկումների բացակայության փաստը: ՀՀ վարչապետը վերահաստատել է Հայաստանի քաղաքական դիրքորոշումների անփոփոխությունը և Վրաստանի հետ բարեկամական կապերի զարգացման նպատակաուղղվածությունը: