հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Նաիրիտցիները համաձայն չեն սպասել մինչև տարեվերջ, գիշերելու են Կառավարության մոտ

Նաիրիտցիները համաձայն չեն սպասել մինչև տարեվերջ, գիշերելու են Կառավարության մոտ

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մայիսի 14-ի առավոտյան 10.00֊ից նստացույց են սկսել Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով մարել 18-24 ամսվա աշխատավարձ ի պարտքը։ Ներկայիս նստացույցը նրանք անվանում են «նախազգուշական», որը տևելու է երկու օր և կարող է երկարել՝ կախված Կառավարության արձագանքից կամ դրա բացակայությունից։

Ինչպես Epress.am֊ին հայտնել է «Նաիրիտի» նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը, իրենք համաձայն չեն, որ իրենց աշխատավարձները մարվեն մինչև տարվա վերջ։ «Այստեղ չկա մեկը, որ այդ առաջարկի հետ համաձայն է»,֊ասել է Հարությունյանը։ Նա հիշեցրել է, որ նման հայտարարություն է երեկ մամուլի ասուլիսի ժամանակ արել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։

Նաիրիտցիները նաև անդրադարձել են Զախարյանի այն հայտարարությանը, թե Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ իրականացված ուսումնասիրությունների նախնական գնահատականներով՝ «Նաիրտի» վերագործարկումն այլևս աննպատակահարմար է։ Ըստ գործարանի աշխատակիցների՝ վերագործարկում պետք է արվի և դրա համար ևս իրենք պայքարում են։

«Մեզ ասվել է, որ հենց Միջպետական բանկը գրավից հանի «Նաիրիտի» գույքը, ապա մեր գումարները կվերադարձվեն 2-3 ամսվա ընթացքում։ Այժմ Միջպետական բանկը հայտարարել է, որ գրավից հանումը կկատարվի մի քանի օրվա մեջ։ Այսինքն, մենք պետք է մի քանի ամսվա մեջ ստանանք պարտքը, այլ ոչ թե մինչև տարեվերջ», ֊ ասել է Անուշ Հարությունյանը։

Նաիրիտցիները ժամանակացույց են կազմել, և հերթափոխով Կառավարության դիմաց են մնալու նաև գիշերը։ Երկօրյա նստացույցի համար նաիրիտցիները բերել են տաք հագուստ, գորգ, այլ պարագաներ։

Նստացույց անցկացնողները խնդրում են այլ քաղաքացիներին ևս միանալ ակցիային, իրենց պահանջին, քանի որ հարցը միայն «Նաիրիտին» չի վերաբերվում, այլ աշխատողների շահագործմանն ու աշխատանքի իրավունքի ոտնահարմանը։ Նաիրիտցիները նման կոչերով թռուցիկներ են բաժանում։