Ուրբաթ՝ հունիսի 5֊ին, երկու պայթյուն է գրանցվել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովրդա֊հանրապետական կուսակցության՝ խորհրդարանական ընտրություններից առաջ վերջին նախընտրական հանրահավաքի ժամանակ: Պայթյունի հետևանքով առնվազն չորս մարդ մահացել է, 184֊ը՝ հոսպիտալացվել տարբեր աստիճանի վնասվածքներով, գրում են տեղական ԶԼՄ֊ները։
Քրդաբնակ Դիարբեքիր քաղաքում ընթացող հավաքին մասնակցում էին հազարավոր մարդիկ․ պայթյունները հնչել են այն պահին, երբ կուսակցության համանախագահ Սելահեթին Դեմիրթաշը պատրաստվում էր ելույթով դիմել հանրությանը։
Նախնական հաղորդումների համաձայն, գրանցվել էր մեկ պայթյուն, սակայն անվտանգության ծառայությունում Reuters գործակալության աղբյուրը հայտնել է, որ իրականում տեղի է ունեցել երկու պայթյուն։ Թուրքիայի Էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի խոսքով՝ պայթյունները տեղի են ունեցել հանրահավաքի վայրում հոսանքի աղբյուրներին «արտաքին միջամտության» արդյունքում։ Նախարարը, սակայն, չի խոսել տեղադրված ռումբի հավանականության մասին։
Անվտանգության ծառայությունների՝ դեպքի վայրի հետախուզության արդյունքում պարզվել է, որ պայթյունների պատճառը հեղուկ նավթային գազի բալոնում տեղադրված ռումբն է եղել։
Դեպքի ականատես բրիտանացի լուսանկարիչ Գայ Մարտինը Reuters֊ին ասել է, որ պայթյունները տեղի են ունեցել հինգ րոպե տարբերությամբ, որոնցից մեկը՝ հավաքի վայրում գտնվող աղբարկղում․ «Սիրտը, մարմինը ցնցող պայթյուն էր։ Քաոս էր տիրում ՝ մարդիկ խուճապի մեջ էին, ես չէի կարողանում շարժվել»։
Մարտինը հավելել է, որ ոստիկաններն սկսել են արցունքաբեր գազ կիրառել այն մարդկանց դեմ, որոնք փորձում էին օգնել տուժածներին կամ փախչել տարածքից․ «Դա միայն սրեց իրավիճակը։ Մարդիկ զայրացած են։ Ուզում են վրեժ լուծել»։
Թեև հանրահավաքը չեղյալ էր հայտարարվել, մեծ թվով երիտասարդներ մնացել էին տեղում՝ բողոքելով պայթյունների դեմ։ Ոմանք քարեր էին նետում ջրցան մեքենաների ուղղությամբ, որոնց միջոցով ոստիկանները փորձում էին ցրել ամբոխը։
Պայթյունից հետո Դեմիրթաշը դիմել է կուսակցության աջակիցներին՝ կոչ անելով հանգստություն պահպանել ու «չտրվել սադրանքներին»։
«Մտածելու տեղիք է տալիս, որ այդ պայթյունը տեղի ունեցավ ընտրություններին ընդառաջ։ Անկախ պայթյունի պատճառներից՝ Դիարբեքիրի ժողովրդին կոչ եմ անում հանգստություն պահպանել»,֊ թուրքական CNN֊ի հետ զրույցում ասել է կուսակցության համանախագահը։
Դեմիրթաշի խոսքով՝ նախընտրական արշավի ընթացքում իր կուսակցությունը ենթարկվել է ավելի քան 70 հարձակումների։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իր հերթին, հայտարարել է, որ պայթյունները «սադրանք» էին՝ ուղղված կիրակի կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրավիճակը սրելուն։