Այսօր Բաղրամյան պողոտայի սկզբնամասում էլէներգիայի թանկացման դեմ պայքարող մոտ 100-120 նստացույցի մասնակիցներ գործողությունները համակարգելու նպատակով քննարկում են անցկացրել:
Քննարկումը վարում էր գրող, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը: Նա նշել է, որ ցանկություն կա պարբերաբար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման խնդրի վերաբերյալ և' մասնագիտական, և' հանրային քննարկումներ ծավալել։
Կարծիքների փոխանակման ընթացքը երբեմն բավական թեժ է եղել: Մասնավորապես, մի տղամարդ նշել է, որ, բացի նստացույցի 3 պահանջներից, այլ բանի մասին խոսել կամ խնդիրը քաղաքականացնել չի կարելի: Քննարկման մի քանի մասնակիցներ չեն համաձայնել՝ նշելով, որ խնդիրն ինքնին քաղաքական է: Այնուամենայնիվ, վեճերի ժամանակ կրքերը հաջողվում էր հանգստացնել և քննարկումը շարունակել:
Քննարկման արդյունքում որոշվել է, որ արդեն իսկ ստեղծված 5 աշխատանքային խմբերից բացի, ցանկության և անհրաժեշտության դեպքում կարելի է նաև նոր խմբեր ձևավորել։ Առայժմ ստեղծված 5 խմբերի անդամներն իրար հետ կապը կպաշտպանեն և աշխատանքի բաժանումը կկազմակերպեն «Ֆեյսբուքում» բացված «Բաղրամյանի նստացույցը շարունակվում է. ElectricYerevan» էջում։
Մասնավորապես, իրավաբանական խումբը զբաղվելու է ցուցարարներին իրավական աջակցություն տրամադրելով, նրանց իրավունքերի մասին իրազեկելով, ոստիկանության գործողություններին օրենքի շրջանակներում պատասխանելով։
ԶԼՄ-ների հետ աշխատանքի խումբը պետք է համակարգի տեղեկատվության տարածումը, ինչպես նաև արձագանքի և գնահատի՝ ինչպես է մեդիան լուսաբանում Բաղրամյանի նստացույցը։ Քննարկմանը շոշափվել է այսօր որոշ լրատվամիջոցներով հրապարակված տեղեկությունը, թե Բաղրամյանի ցուցարարները ճանապարհ չեն տվել շտապ օգնության մեքենային և հիվանդը մահացել է։
«Մենք ունենք փաստեր, որ նման բան չի եղել, և պետք է մեդիա խումբը հենց այդպիսի դեպքերում էլ գործի, թույլ չտա, որ մեր հասցեին ապատեղեկատվությունը վնասի պայքարը»,֊ ասել է քննարկման մասնակիցներից մեկը:
Վաղը երեկոյան 20:30-ին խմբերը պետք է ներկայացնեն իրենց աշխատանքի արդյունքները։
Քննարկման մասնակիցներից մեկն էլ առաջարկել է նստացույցի վայրում բուժկետ բացել, որտեղ կարող են անհրաժեշտ օգնություն կամ դեղորայք ստանալ վատառողջ մարդիկ: