Home / Հայաստան / Քննարկել ոչ թե սահմանադրական փոփոխությունները, այլ Սերժ Սարգսյանի իմպիչմենտը․ վեճ ԱԺ֊ում

Քննարկել ոչ թե սահմանադրական փոփոխությունները, այլ Սերժ Սարգսյանի իմպիչմենտը․ վեճ ԱԺ֊ում

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր Ազգային ժողովում առաջարկել է հետաձգել որոշ նախագծերի քննարկումը մեկ տարով և քննարկել սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու հարցը: Սահմանադրական փոփոխությունները, որոնց համաձայն Հայաստանը պետք է կառավարման խորհրդարանական մոդելի անցնի, նախաձեռնել է իշխող Հանրապետական կուսակցությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։

Սահակյանը հայտարարել է, որ նախագիծը ներկայացնելու են սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամները: Նիստի մեկնարկին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասել է, որ նման առաջարկություն անելու դեպքում հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը, պետք է գար Ազգային ժողով: Պատգամավորի խոսքով՝ ԱԺ են եկել Սերժ Սարգսյանի փաստաբանները, ովքեր ցանկանում են երկարաձգել նրա իշխանավարումը:

«Անգամ երբ դատավարություն է, մեղադրյալը պետք է ներկա գտնվի նիստին: Այդ անձը չի գալիս, որովհետև խնդիր ունի ներկայացնել այս փաստաթուղթը որպես սովորական օրենք, ցույց չտալ, որ սրանով իշխանության վերարտադրման հարց է լուծում։ Մինչդեռ այստեղ պետք է քննարկվեր Սարգսյանի իմպիչմենտի հարցը»,- ասել է Փոստանջյանը: Վերջինիս թույլ չեն տվել խոսքն ավարտել և անջատել են նրա խոսափողը։

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասել է, որ իրենք առաջարկում են սահմանադրական փոփոխությունների նման հանրային կարևորություն ունեցող հարցի քննարկումը հեռարձակել ուղիղ եթերում՝ Հանրային հեռուստատեսությամբ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանել է, թե «Մանուկյանի խոսքի մեջ այնքան փաղաքշանք կա», որ ինքը քիչ էր մնում համոզվեր, սակայն այդ առաջարկը չի քննարկվի, քանի որ «դրա մեջ կա պրովոկացիա»:

«Առաջին՝ փոփոխությունները երկու անգամ ավելի շատ են, քան գործող սահմանադրությունը: Եթե մենք թափանցիկություն ենք ցանկանում այս ծավալի քննարկումների համար, դուք չպետք է խոչընդոտեք: Շատ մեծ փոփոխություններ են նախատեսվում: Իմ ոլորտից ասեմ. կրթության հետ կապված այնքան ռադիկալ բաներ կան, որ լուրջ պետք է քննարկվի: Ի՞նչն է պատճառը այս հրատապության: Ի՞նչն է քաղաքական պատճառը», ֊ ասել է Արամ Մանուկյանը:

Այնուամենայնիվ, Գալուստ Սահակյանը իր որոշումը չի փոխել, և ԱԺ֊ն սկսել է քննարկել սահմանադրական փոփոխությունները։