Գլխավոր / Տեսանյութեր / Ոստիկանությունում նվաստացված կնոջն ինքնասպանության հասցնելու մասին բողոքը չի քննվել․ դատ

Ոստիկանությունում նվաստացված կնոջն ինքնասպանության հասցնելու մասին բողոքը չի քննվել․ դատ

Վանաձորցի Անի Բոշյանի գործը քննող Հատուկ քննչական ծառայության քննիչ Ն․Բարսեղյանն անտեսել է այն փաստը, որ կինը ոստիկանության բաժանմունքից տուն գալուց հետո ինքնասպանության փորձ է կատարել։ Այս մասին այսօր Վերաքննիչ դատարանում հայտարարել է Բոշյանի ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը (լուսանկարում)։ Նա նշել է, որ կնոջ ինքնասպանության փորձի փաստը գործի նյութերում անգամ տեղ չի գտել, ասես դա ոստիկանությունից դուրս եկած անձը չէր կատարել, կամ դա արել էր 10 տարի առաջ։

Անի Բոշյանը Վերաքննիչ դատարանում բողոքարկում է Վանաձորի Տարոնի ոստիկանության բաժնում օպերլիազորների և ոստիկանների կողմից իրեն ինքնասպանության փորձի հասցնելու, արժանապատվությունը նվաստացնելու վերաբերյալ սկսված քրեական գործը կարճելու որոշումը։

Համաձայն Բոշյանի՝ ինքը 2014թ. նոյեմբերի 11-ին կանչվել է ոստիկանության բաժին, որտեղ էլ նրա նկատմամբ ստորացուցիչ ճնշումներ են գործադրվել՝ ինքնախոստովանական ցուցմունք կորզելու նպատակով, ինչից հետո նա հոգեկան ապրումներ է ունեցել և դիմել ինքնասպանության՝ չասելով կատարվածի մասին ոչ մեկին, անգամ ծնողներին։ Անի Բոշյանը պատմել է, որ ոստիկանությունում իրեն ստիպել են մերկանալ՝ մարմնի վրա դաջվածքների առկայությունը ստուգելու պատրվակով, ստիպել են կքանստել՝ տեսնելու համար՝ արդյոք ներքին օրգաններում իրեր է թաքցնում, ինչպես նաև հորդորել են խոստովանել հանցագործությունը՝ խոստանալով, որ 200.000 դրամ տուգանքով կպրծնի։ Բոշյանին մեղադրում էին համացանցում պոռնկագրական բնույթի նկարներ տարածելու մեջ։ Ոստիկանների դեմ քրեական գործ չհարուցելու մասին որոշումը նախ բողոքարկվել էր ՀՀ դատախազությունում, որտեղ բողոքը մերժվել էր, ապա՝ առաջին ատյանի դատարանում, որտեղ այն նույնպես մերժվել է։ Բոշյանի հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցվել է միայն պաշտոնական լիազորություններն անցնելու հոդվածով։

Այսօր բողոքը Վերաքննիչում ներկայացնելով՝ Սաքունցը նշել է, որ մոտ 7-8 ոստիկանների և քննիչների կողմից Անի Բոշյանի և նրա հոր՝ Հակոբ Բոշյանի նկատմամբ կատարված արարքները քննելիս քննիչ Բարսեղյանը օբյեկտիվ չի եղել․ նա արժանահավատ է համարել միայն ոստիկանների ու քննիչների ցուցմունքները, չի նշանակել դատահոգեբանական փորձաքննություն, տուժող չի ճանաչել Անիի հորը, ում ևս առանց պատշաճ իրազեկման տարել են բաժին, մի քանի ժամ պահել։ Ոստիկանները Հակոբ Բոշյանին նաև սպառնացել են՝ «մինչև աղջիկդ չգա, չես գնա», «մենք մեր կապերով քեզ աշխատանքից հեռացնել կտանք»։

Արթուր Սաքունցն իր բողոքում նշել է, որ քննիչի կողմնապահությունն արտահայտվում է մի շարք հանգամանքներին իրավական գնահատական չտալով։

Այսպես, քննիչն անտեսել է այն հանգամանքը, որ ոստիկանները, որոնք գործով անցնում էին ոչ թե որպես մեղադրյալներ, այլ որպես վկաներ, հրաժարվել են առերեսումների ժամանակ պատասխանել Բոշյանի ներկայացուցչի հարցերին՝ պատճառաբանելով, որ իրենց պատասխանները հետագայում իրենց դեմ կօգտագործվեն։ Հարցերին պատասխանելուց հրաժարվելը, Սաքունցի խոսքով՝ հուշում է մեղադրվելու հավանականությունից վախենալու մասին։ Քննիչը նաև գնահատական չի տվել այն փաստին, որ Անի Բոշյանը հարցաքննվել է մինչև գիշերվա 03։00֊ն, մինչդեռ երեկոյան ժամերին քննչական գործողություններ անելը թույլատրելի է միայն անհետաձգելի գործերով։

Ըստ իրավապաշտպանի՝ գնահատականի չի արժանացել նաև ոստիկանների կողմից Անի Բոշյանին բերման ենթարկելու փաստը, որն իրավական ոչ մի հիմք չի ունեցել։ Կնոջը նաև չեն տրամադրել մեղադրական եզրակացության պատճենը՝ «կտանես, կկորցնես» պատճառաբանությամբ։

Այսօրվա նիստին Արթուր Սաքունցի բողոքի ընթերցումն անավարտ է մնացել։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 26-ին։