Home / Տեսանյութեր / Իշխանության խոսքը փուչիկ է․ նախագահականի մոտ խոսել են բանակային կոռուպցիայի մասին

Իշխանության խոսքը փուչիկ է․ նախագահականի մոտ խոսել են բանակային կոռուպցիայի մասին

Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողներն այսօր երեք ամսվա ընդմիջումից հետո Նախագահականի դարպասների մոտ սև փուչիկներով բողոքի ակցիա են անցկացրել։

«Իշխանությունների խոսքը փուչիկ է, նրանք խոստացել էին բացահայտել մեր երեխաների սպանության հանգամանքները, բայց փուչիկ է, ոչինչ էլ չարեցին։ Իսկ սևը մեր գույնն է», – ասել է ակցիայի մասնակից, 2013 թվականին Լեռնային Ղարաբաղում մահացած Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը։

Վերջինս նշել է, որ իրենց ակցիայով ևս մեկ անգամ ցանկանում են բարձրաձայնել, որ արդեն 1 տարի է անցել, բայց Ազգային ժողովում չի ստեղծվել հանձնաժողովը, որը պետք է զբաղվեր իրենց որդիների սպանության գործերի հետաքննությամբ։ Մուրադյանը հիշեցրել է, որ հանձնաժողովը ստեղծելու հանձնարարականը տվել էր Սերժ Սարգսյանը։

Մահացած զինվորի հայրը անդրադարձել է նաև ապրիլյան քառօրյա պատերազմին՝ ասելով, որ այդ օրերին ապացուցվեց՝ բանակում կոռուպցիա է տիրում և որ «մենք բանակ չունենք»։

«Բանակում կոռուպցիա է արդեն 15-20 տարի։ Ապրիլի 2-ն ապացուցեց, որ մենք բանակ չունենք, որ մեր բանակը հայասպան է։ Բանակում տարին հիսունի չափ սպանություններ են լինում ու ճակատին գրում են՝ ինքնասպանություն ու այդ հանցագործությունը չի բացահայտվում»,- ասել է Մուրադյանն իրեն մոտեցած ոստիկաններին, որոնք զինվորի հորից պահանջել են լռել և հեռանալ Նախագահականի դարպասների մոտից։

Այնուամենայնիվ, ծնողներն ակցիան շարունակել են մոտ 1 ժամ, որից հետո ծնողները շարժվել են դեպի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Այնտեղ նրանք հանդիպել են գրասենյակի աշխատակից Ռաֆայել Պողոսյանի հետ՝ վերջինիս խնդրելով գալիք օրերին հանդիպում կազմակերպել 2016 թվականի փետրվարից օմբուդսմենի պաշտոնը զբաղեցնող Արման Թաթոյանի հետ։

Մանրամասները տեսանյութում․