00:00 Իրավիճակը Խորենացի փողոցում հանդարտվել է: Մարդիկ կրկին հավաքվել են ոստիկանական պատնեշի մոտ, քաղաքացիների թիվն ավելանում է: Մարդկանց մոտ շարունակում է մնալ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Տեսանյութում՝ Նիկոլ Փաշինյանի ելույթը և իրավիճակը Խորենացի փողոցում բախումներից անմիջապես հետո: Մյուս երկու տեսանյութերում՝ բախումները:
23:00 Նիկոլ Փաշինյանը հավաքվածներին հորդորել է այլևս սադրանքների չտրվել և դադարեցնել բախումները ոստիկանների հետ: Նա կոչ է արել չպատասխանել ոստիկաններին, անգամ եթե նրանք քար նետեն քաղաքացիների ուղղությամբ: Փաշինյանը նշել է, որ բախումը ոստիկանների ցանկությունն է, նրանք ցանկանում են ավելի հեռու տեղադրել պատնեշը, իսկ ցուցարարներին հարկավոր է հնարավորինս մոտ լինել գրաված ՊՊԾ շենքում գտնվողներին:
«Ոստիկանությունը ներսում գործողություններ կատարելու համար ցանկանում է մարդկանց հեռացնել այստեղից: Ոչ մի բռնություն չկիրառել, քանի որ դրանով է ապահովվում Սասնա Ծռեր խմբի անդամների կյանքի երաշխիքը: Ով որ այստեղից քար նետի այն կողմ, նա ԱԱԾ աշխատակից է և սադրիչ: Երբ ես ներսում էի ու տեսա այդ տղաներին հասկացա, որ ինձ չեմ ների, եթե Պավլիկ Մանուկյանի գլխից մի մազ պակասի, ինչպես նաև ինձ չեմ ների նաև, որ մազ պակասի նաև Օսիպյանի և մյուս ոստիկանների գլխից: Հայաստանը չի դառնալու մի երկիր, որտեղ շարունակաբար մարդկանց կոտորում են»:
Այս պահին իրավիճակը Խորենացի փողոցում համեմատաբար հանգիստ է, իսկ ցուցարարների մի մասը բարիկադներ է կառուցում նաև Տիգրան Մեծ պողոտայում:
22:30 Ժամը 21:55-ի սահմաններում Խորենացի փողոցում հավաքված քաղաքացիները ոստիկաններին ժամանակ էին տվել, որպեսզի իրենց պատասխանեն՝ արդյոք թույլ կտան սնունդ փոխանցել ՊՊԾ շենքը գրաված Սասնա ծռեր խմբի անդամներին: Երբ ժամանակը լրացավ հավաքված մարդիկ սկսեցին հարվածել ոստիկանական պատին: Նրանք սկսեցին նաև քարեր և այլ իրեր նետել դեպի ոստիկաները: Ի պատասխան՝ ոստիկանները սկսեցին հատուկ միջոցներ կիրառել՝ պայթուցիկներ և արցունքաբեր գազ: Մարդիկ սկսել է վազել դեպի Խորենացի – Նար -Դոս փողոցների խաչմերուկ և դեպի Տիգրան ՄեԾ պողոտա: Ոստիկանները բերման են ենթարկել մի շարք ցուցարարներին: Կան վնասվածք ստացած քաղաքացիներ և ոստիկաններ:
Մի քանի րոպե բախումից հետո, երբ ցուցարարները մի փոքր հեռացան ոստիկանների մոտից, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եկավ և ասաց, որ բախումն առաջացել է սադրանքի հետևանքով: Նա նշել է, որ դա ԱԱԾ գործակալների քայլերի հետևանք է: Նա նշել է, որ ցուցարարները թույլ չեն տալու, որպեսզի զոհեր լինեն:Փաշինյանը հորդորել է ոստիկաններին և ցուցարաերին հանգստանալ: Այս պահին իրավիճակը դեռ շարունակում է լարված մնալ: Նիկոլ Փաշինյանը փորձում է բանակցել ոստիկանության նեկայացուցիչների հետ: