Home / Հայաստան / «Սասնա ծռերի» Արամ Մանուկյանին երկու ամսով կալանավորեցին

«Սասնա ծռերի» Արամ Մանուկյանին երկու ամսով կալանավորեցին

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանը (լուսանկարում՝ ձախից), որը ոստիկանության արձակած կրակոցներից անցած գիշեր ծանր վիրավորում էր ստացել, կալանավորվել է երկու ամսով: Այս մասին քիչ առաջ որոշում է կայացրել Կենտրոն և Նորք Մարաշ համայանքների ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով ԱԱԾ-ի միջնորդությունը:

Արամ Մանուկյանը, ինչպես նաև նրա հայրը՝ Պավել Մանուկյանը, ով նույնպես ծանր հրազենային վնասվածք էր ստացել, մեղադրվում են երկու քրեական հոդվածներով՝ ապօրինի զենք ձեռք բերել, պահել, օգտագործել և շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ գրավել:

Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը նշել է, որ Հայաստանի արդարադատության համակարգի պայմաններում, ինքը չէր էլ կարող այլ վճիռ ակնկալել՝ հաշվի առնելով, որ միջնորդությունն ԱԱԾ-ն էր ներկայացրել:

Ինչ վերաբերում է Պավել Մանուկյանին, ապա վերջինս ցանկություն է հայտնել մասնակցել իր կալանավորման միջնորդության քննարկմանը, այդ իսկ պատճառով այդ դատական նիստըւ կնշանակվի մոտ օրերիս, երբ Մանուկյանը ի վիճակի լինի դուրս բերվել հիվանդանոցից: Պավել Մանուկյանն ու նրա որդին 18 ժամ առաջ վիրահատության են ենթարկվել: