Գլխավոր / Առողջապահություն / Կապանում ծննդկան է մահացել է, հարուցվել է քրգործ

Կապանում ծննդկան է մահացել է, հարուցվել է քրգործ

Սյունիքի մարզի «Կապան» բժշկական կենտրոնում երեկ՝ դեկտեմբերի 25-ին, ծննդաբերության հետևանքով առաջացած արյան մակարդելիության խանգարման հետևանքով մահացել է Կապանի բնակիչ, 26-ամյա Մարինե Իվանյանը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ծննդատան մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Սամվել Միկոյանը։ Նա է ընդունել կնոջ ծննունդը և կատարել հետագա վիրահատությունը։

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, Մարինե Իվանյանը 2016թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին, «մահացած պտուղ» ախտորոշմամբ ընդունվել է «Կապանի ԲԿ» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք։ Պտուղը ծնվել է մահացած դեկտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին, որին հաջորդել է մոր մահը:

Սյունիքի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ): Նշանակվել են մահացած պտղի և Իվանյանի դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Նշենք, որ Tert.am կայքի տեղեկություններով՝ գրանցված դեպքից հետո «Կապանի» ԲԿ-ում միջադեպ է տեղի ունեցել բժիշկների և ծննդկանի հարազատների միջև։ Համաձայն կայքի, հարազատները ծեծել են մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչին:

Ինքը բժիշկը Epress.am֊ի հետ զրույցում պնդել է, որ երեխային փրկել հնարավոր չէր, քանի որ պտուղն արդեն մահացած էր։

«Մեռած պտուղը միշտ տալիս է արյան հետ կապված բարդություններ։ Մենք սպասում էինք դրան, մենք ձեռներս ծալած չենք նստել մինչև ծննդաբերությունը», — ասել է Միկոյանը։

Նրա խոսքով՝ կեսարյան հատման եղանակով հնարավոր չէր հեռացնել պտուղը, քանի որ մեռած պտղի վրա կեսարյան հատում չեն իրականացնում։

«Դրանից հետո փորձում էինք գոնե կնոջ արգանդը փրկել, նրա առաջին երեխան էր, սակայն չհաջողվեց, քանի որ նրա մոտ արյունահոսությունը չէր դադարում։ Վիրահատության ժամանակ էլ գրանցվեց սրտի կանգ», — ասել է Միկոյանը։