Home / Դատարան / «Սասնա ծռեր»-ի անդամներին մեղադրում են չհայտնաբերված գողոնի համար․ «Ժողովուրդ»

«Սասնա ծռեր»-ի անդամներին մեղադրում են չհայտնաբերված գողոնի համար․ «Ժողովուրդ»

«Սասնա ծռեր» խմբի 4 անդամներին՝ Արմեն Բիլյանին, Վարդան Գերավետյանին, Արայիկ Հակոբյանին ու Հովհաննես Վարդանյանին, ի թիվս այլ արարքների, մեղադրանք է առաջադրվել նաև ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված բանկոմատից 14 մլն դրամ հափշտակելու համար: Չնայած մեղադրանքի առկայությանը՝ հափշտակված գումարը այդպես էլ չի հայտնաբերվել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ ընդգծելով, որ ՊՊԾ գունդը գրավելուց հետո խմբավորման անդամները տարածքից չեն հեռացել, գտնվել են իրավապահների տեսադաշտում, և գումարը որևէ կերպ դուրս չի եկել ՊՊԾ գնդի տարածքից և չի ծախսվել:

Այդ գումարը, գրում է թերթը, չի հայտնաբերվել նաև խմբավորման անդամների հանձնվելուց հետո իրականացված խուզարկությունների ժամանակ․ «Այս առումով անտրամաբանական է նաև գումարը առավել քան ապահով վայրում թաքցնելու տարբերակը, երբ խմբավորման անդամները գիտեին, որ հանձնվելուց հետո երկար տարիների բանտարկություն է իրենց սպասվում»։

Իրավապահները, «Ժողովուրդ»-ի փոխանցմամբ, փորձաքննության են ենթարկել խմբավորման անդամների վերնազգեստները, և դրանց վրա մետաղական մասնկիներ են հայտնաբերել, որն էլ հիմք է եղել, որպեսզի նրանց ՊՊԾ գնդի բանկոմատից գումար հափշտակելու համար մեղադրանք առաջադրեն։

Թեթրը զրուցել է խմբի անդամների փաստաբանների հետ և նրանք բոլորն էլ միաբերան նշել են, որ հափշտակած գումարի հետ իրենց պաշտպանյալները ոչ մի կապ չունեն։

«Ու հարց է առաջանում՝ ի՞նչ հիմնավորմամբ է նրանց նման մեղադրանք առաջադրվել, եթե չկա գողոնը: Իսկ միգուցե այն մեջ-մեջ են արել բոլորովին այլ մարդիկ, ոչ խմբավորման կազմից: Ամեն դեպքում այս հարցերի պատասխաններն ակնկալում ենք ստանալ դատարանում, քանի որ նախաքննությունն իրականացրած մարմինը՝ ՀՔԾ-ն, այդպես էլ այս ընթացքում չի պատասխանել «ո՞ւր է գողոնը» հարցին․․․Կամ էլ այդ գումարը հենց իրավապահներն են «մեջ-մեջ արել», քանի որ «պետության գլուխը խառն էր»», -գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում