Գլխավոր / Եկեղեցի / Մայր Աթոռն է հորդորել «Ոսկե ծիրանին» չցուցադրել ԼԳԲՏ անձանց մասին ֆիլմերը

Մայր Աթոռն է հորդորել «Ոսկե ծիրանին» չցուցադրել ԼԳԲՏ անձանց մասին ֆիլմերը

Մայր Աթոռը հորդորել է «Ոսկե ծիրան» փառատոնի ղեկավարությանը 2017 թվականի ծրագրից հանել ԼԳԲՏ անձանց մասին 2 ֆիլմերը։ Այս մասին Epress.am֊ի հարցմանն ի պատասխան ասել է Մայր Աթոռի մամուլի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը։

«Տեղեկանալով հիշյալ ֆիլմերի ցուցադրության վերաբերյալ` այո՛, Մայր Աթոռը հորդորել է կինոփառատոնի կազմակերպիչներին վերանայել իրենց որոշումը, ինչը և կատարվել է` նկատի ունենալով նաև այս կապակցության հասարակության մեջ առաջ եկած ընդվզումը»,֊ գրել է Մելիքյանը։

Նա նաև կարծիք է հայտնել, թե հասարակությանն այդ ֆիլմերը պետք չէին․ «Մեր հասարակությունը կարիք չունի նման քարոզչության: Մեր ժողովուրդը քրիստոնեական հավատի և քրիստոնեական արժեհամակարգի կրող է, և, բնական է, որ, ինչպես և Եկեղեցին, չի կարող կողմ լինել նման աստվածամերժ երևույթի և դրա նմանօրինակ գովազդման։ Ցավոք, վերջին օրերին այս հարցում իրենց դիրքորոշմամբ ու «ազատամտությամբ» աչքի ընկած կառույցներն իրենց իսկ քայլերով իրականում անհանդուրժողականություն և ատելություն են սերմանում այս ախտով տառապող անձանց նկատմամբ: Սա մեզ համար անընկալելի է»։

Նշենք, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայացք ներսից և դրսից» արտամրցութային ծրագրում ընդգրկվել էին ԼԳԲՏ թեմայով երկու ֆիլմ՝ «Լսիր ինձ․ չպատմված պատմություններ ատելությունից անդին» վավերագրությունը և «Ծիրանի այգիներ» գեղարվեստական ֆիլմը։ Հետագայում Կինոմատոգրաֆիստների միությունը, որտեղ ծրագիրը պետք է ներկայացվեր, հրաժարվել է ցուցադրել այդ երկու ֆիլմերը։ Կինոփառատոնի ղեկավարությունը որոշել էր ամբողջովին հանել արտամրցույթային ծրագիրը (37 ֆիլմ)։ Մի շարք անհատներ և կազմակերպություններ քննադատել էին տեղի ունեցածը՝ անվանելով դա բացահայտ գրաքննություն։