Home / Армения / Թուրքական «Հայաթ» ալիքով հայերից ներողություն են խնդրել

Թուրքական «Հայաթ» ալիքով հայերից ներողություն են խնդրել

«Թուրքսաթ 3A» արբանյակի միջոցով հաղորդումներ հեռարձակող թուրքական «Հայաթ» հեռուստաալիքը երեկ ցուցադրել է «Հայեր» անունը կրող վավերագրական ֆիլմը, որը նվիրված է Թուրքիայում բնակվող հայերի պատմությանը:

Ֆիլմի մասին ներկայացվող ծանոթագրության մեջ հեղինակները մեղանչման և զղջման խոսքով են դիմում հայերին, ովքեր «խորթ վերաբերմունքի են արժանացել» Թուրքիայում, գրում է «Ագոսը» շաբաթաթերթը:

Ծանոթագրությունն ավարտվում է հետևյալ բառերով.

«Մենք` այս երկրի թշվառ բանվորները, պատվավոր քրդերը, թուրքերը, չերկեսները, լազերը, արաբները, այսինքն` ձեր ունեցվածքը չկողոպտողները, ձեր արյան մեջ հաց չթաթախողները. մենք էլ վախեցանք, մենք էլ լռեցինք, չկարողացանք ձեռք մեկնել: Ներողություն ենք խնդրում եղբայրս, ներողություն ենք խնդրում…»:

Նշենք, որ «Հայաթ» հեռուստաալիքը հերաձակվում է միայն արբանյակի միջոցով և անցյալում Թուրքիայի կառավարության կողմից փորձ է կատարվել կասեցնել ալիքի գործունեությունը:
«Հայեր» վավերագրական ֆիլմը կրկնվելու է նոյեմբերի 17-ին և 24-ին, ժամը 20:00-ին: