Home / Հայաստան / Կենդանաբանական այգու նոր նախագիծը ներկայացրել են Տարոն Մարգարյանին

Կենդանաբանական այգու նոր նախագիծը ներկայացրել են Տարոն Մարգարյանին

Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու ներկայացուցիչները և միջազգային ճանաչում ունեցող լանդշաֆտային ճարտարապետները Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանին են ներկայացրել Երևանի կենդանաբանական այգու նոր գլխավոր հատակագծի նախագիծը:

Տարոն Մարգարյանը համոզմունք  է հայտնել, որ նոր լուծումների, ենթակառուցվածքների ներդրման և ինքնատիպ ձևավորման պարագայում Երևանի կենդանաբանական այգին կդառնա նաև կրթադաստիարակչական և բնապահպանական ակտիվ գործող կենտրոն:

«Մենք ուզում ենք բարեփոխումներ և աշխատանքների որակական փոփոխություններ տեսնել: Զարգացման ծրագրերին զուգահեռ նախատեսում ենք նաև Կենդանաբանական այգում ներդնել կառավարման նոր ձև, որը կնպաստի հնարավոր ներդրողների հետ ավելի արդյունավետ աշխատելուն», – Մարգարյանի խոսքերն է փոխանցում Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հյուրերը շեշտել են, որ Երևանի կենդանաբանական այգու ռելիեֆային առանձնահատկությունը և կենդանական ու բուսական բազմազանությունը ինքնին մեծ հնարավորություն են ծրագիրը հաջող իրականացնելու համար:

«Տարածաշրջանը կարիք ունի նման ծրագրերի իրականացման. եթե Երևանը գերազանցի իր «Մաստեր պլանով», ապա բավականին առավելություն կունենաք»,- նշել է «Արտիս»-ի տնօրեն Հայկ Բալյանը` ներկայացված նախագիծը գնահատելով տնտեսական տեսանկյունից: