Home / Հայաստան / Orange-ը Wi-Fi ծածկույթի ավելացումներ Երևանում չի նախատեսում

Orange-ը Wi-Fi ծածկույթի ավելացումներ Երևանում չի նախատեսում

Wi-Fi ծածկույթի ավելացումներ Երևան քաղաքում մոտ ժամանակներս չեն նախատեսվում: Այս պահին Wi-Fi ծածկույթը տեղադրված է և գործում է միայն մայրաքաղաքի  կենտրոնական հատվածների հինգ կանգառներում, նաև հինգ ավտոբուսներում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում նշել է OrangeArmeniaընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը:

«Wi-Fi  ցանցերը տեղադրված են Օպերա-Բաղրամյան , Օպերա-Մաշտոցի պողոտայի, Թումանյան-Աբովյան խաչմերուկի, Մաշտոցի պողոտա՝ Շահումյանի անվան դպրոցի, Մաշտոց-Ամիրյան խաչմերուկի տարածքների կանգառներում և  թիվ 3, 15, 16, 22, 28 մեկական ավտոբուսներում», – ասել է Լիլիթ Մարտիրոսյանը:

Նրա հավաստմամբ՝  նշված բոլոր վայրերում, շնորհիվ  MyFi մոդեմի, Wi-Fi ծածկույթն աշխատում է, և մարդիկ կարողանում են օգտվել այս ծառայությունից:

«Wi-Fi ծածկույթը գտնվում է մասնագետների մշտական հսկողության տակ, և եթե բնակիչների շրջանում առաջանում են դիտողություններ կամ բողոքներ, ապա կարող են տեղեկացնել մեզ, և մենք արագ միջոցներ կձեռնարկենք՝ թերությունները շտկելու համար: Ինչ վերաբերում է  կապի հետ կապված դժգոհություններին, ապա կարող եմ ասել, որ  MyFi մոդեմն ունի սահմանափակ հնարավորություններ, և անսահմանափակ թվով օգտվողների դեպքում սարքը կարող է ուղղակի թույլ չտալ օգտվել այս ծառայությունից: Եթե ավտոբուսների պարագայում Wi-Fi-ը շարժական է և դրանից օգտվողներն էլ թվով սահմանափակ են, ապա կանգառների դեպքում հարցն ավելի բարդ է: Կանգառներում Wi-Fi-ը ֆիքսված է, և գործ ունենք բազմաթիվ օգտվողների հետ, այդ թվում` շրջակա տարածքների բնակիչներին: Եթե օգտվողների թիվը գերազանցում է սարքի հնարավորությունները, առաջանում են խնդիրներ՝ ցանցը կա, սակայն հնարավոր չէ միանալ», – նշել է նա: