Home / Հայաստան / Եգիպտոսում ֆուտբոլի պատճառով զորքեր են փողոց հանել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եգիպտոսում ֆուտբոլի պատճառով զորքեր են փողոց հանել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եգիպտոսի իշխանությունները զորքեր են դուրս բերել Պորտ Սաիդ քաղաք այն բանից հետո, երբ ֆուտբոլային հանդիպմանը հաջորդած բախումների հետևանքով 74 մարդ է զոհվել: ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը այս միջադեպն անվանել է «սև օր» սպորտի պատմության մեջ:

Միջադեպը ծագել է տեղական «Ալ-Մասրի» և Կահիրեի «Ալ-Ախլի» ակումբների միջև երեկվա հանդիպումից հետո: Տանտերերը 3:1 հաշվով հաղթանակ են տարել մայրաքաղաքային ակումբի նկատմամբ:

Ականատեսների խոսքով` մարզադաշտում մթնոլորտը սկսել է շիկանալ այն բանից հետո, երբ մայրաքաղաքի ակումբի երկրպագուները վիրավորական բովանդակությամբ պաստառ են բարձրացրել:

Մրցավարի եզրափակիչ սուլոցից  հետո «Ալ Մասրի» ակումբի երկրպագուները դուրս են եկել դաշտ և հարձակվել պարտված թիմի և նրա երկրպագուների վրա: Ականտեսների վկայությամբ` նրանցից ոմանք զինված են եղել դանակներով:

«Սա ֆուտբոլ չէ, սա պատերազմ է, և մեր աչքի առջև մարդիկ են մահանում»,- ասել էր «Ալ Ախլի» ակումբի ֆուտբոլիստներից մեկը:

Այժմ եգիպտական զորքերը հսկում են քաղաքը` թույլ չտալու համար հետագա բախումներ թիմերի երկրպագուների միջև:

Երկրի առողջապահության նախարարի տեղակալի խոսքով` բացի զոհերից հարյուրավոր մարդիկ վնասվածք են ստացել: Առնվազն երկու ֆուտբոլիստներ թեթև վնասվածքներ ուներ:

Պաշտոնյայի վկայությամբ` այս իրադարձությունն ամենալուրջ միջադեպն է եգիպտական ֆուտբոլի ողջ պատմության ընթացքում:

Եգիպտոսի Ներքին Գործերի նախարարը նշել է, որ բախումների արդյունքում 47 մարդ է ձերբակալվել է:

Պորտ Սաիդի բնակիչները վաղ առավոտյան երթ են կազմակերպել`հայտարարելով, որ միջադեպը ռազմական և ոստիկանական ուժերի դավադրության արդյունք էր, որը երկրում քաոս տարածելու նպատակ ուներ:

Լարվածությունը տարածվել է նաև մոտակա Սուեզ գավառում: Այստեղ մոտ 500 մարդիկ, այդ թվում` ֆուտբոլի երկրպագուներ և ակտիվիստներ, հավաքվել են գլխավոր ոստիկանական բաժնի առջև` բողոքելով ոստիկանական անփութության դեմ:

«Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը նշում է, որ «Ալ Մասրի» և «Ալ –Ահլի» թիմերի երկպրագուների միջև բախումներն ու արյունոտ ելքերը երկարամյա պատմություն ունեն, որոնք ավելի են հաճախակիացել վերջին տարիների ընթացքում: