Նախորդ շաբաթ ՄԱԿ-ում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանող բանաձևին ընդամենը 11 երկիր էր դեմ քվեարկել՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Զիմբաբվեն։
Անգամ հպանցիկ հայացք նետելով այդ երկրների ցանկին՝ կարելի է հասկանալ, որ վերոնշյալ պետությունները ժողովրդավարի շարքին չեն դասվում, իսկ մարդու իրավունքների խախտումները և քաղաքացիների ազատությունների ոտնահարման դեպքերն այդ երկրներում սովորական երևույթ են։
Պնդումը գալիս են ապացուցելու միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև առանձին պետությունների մարդու իրավունքներին ու հիմնարար ազատություններին նվիրված զեկույցները։
Մասնավորապես, Human Rights Watch հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը 2013 թվականի իր զեկույցում ընդգծում է, որ անցյալ տարվա ընթացքում նշված բոլոր երկրներում մարդու իրավունքների լրջագույն խախտումներ են արձանագրվել։ Հյուսիսային Կորեայում, Կուբայում, Սուդանում, Զիմբաբվեում իշխանության ղեկին գտնվող առաջնորդները հետապնդում են իրենց քաղաքական ընդդիմախոսներին՝ ստեղծելով միակուսակցական կառավարման համակարգ։ Նշված բոլոր երկրներում վերջին տարիներին գրանցվել են իշխանությունը մենաշնորհելու դեպքեր և լայնածավալ ընտրախախտումներ։ Անկախ փորձագետները հայտնում են ոստիկանության բաժանմունքներում խոշտանգումների, բանակում խաղաղ պայմաններում զոհված անձանց մասին։ Նման գնահատականներ է պարունակում ԱՄՆ Պետդեպի 2013 թվականի Մարդու իրավունքների զեկույցը։ Պետդեպի զեկույցը Հայաստանի դեպքում այլ խնդիրների շարքում խոսում է նաև դատական համակարգի կախյալ վիճակի մասին։
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ուկրաինայի բանաձևին դեմ քվեարկած 11 երկրներից 7-ին դասում է անազատ երկրների շարքին, իսկ մյուս չորսին՝ Հայաստանին, Բոլիվիային, Նիկարագուային և Վենեսուելային՝ մասնակի ազատ երկրների շարքին։
Ավելին, ըստ Freedom House-ի, Հյուսիսային Կորեան, Սուդանը և Կուբան, ազատությունների մակարդակով գնտվում են աշխարհի 10-ը վատագույն երկրների շարքում։
Նույն կազմակերպության մամուլի ազատությանն առնչվող զեկույցի համաձայն, 2013 թվականին Ուկրաինային դեմ քվեարկած 11 երկրներից 9-ում (բացառությամբ Բոլիվիայի և Նիկարագուայի) մամուլն անազատ է եղել։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության աղյուսակում 2014 թվականին վերոնշյալ երկրներից ոչ մեկը առաջին 50-ի ցանկում չի ընդգրկվել։ Ռուսաստանին սատարած պետություններից միայն 3-ն են մտել առաջին 100-ի մեջ՝ Նիկարագուա՝ 71-րդ տեղ, Հայաստան՝ 78, Բոլիվիա՝ 94։
Մյուսները 100-ից դուրս են՝ Վենեսուելա՝ 116, Զիմբաբվե՝ 135, Ռուսաստան՝ 148, Բելառուս՝ 157, Կուբա՝ 170, Սուդան՝ 172, Սիրիա՝ 177, Հյուսիսային Կորեա՝ 179։
Արմեն Մ․