«Համահայկական բնապահպանական ճակատ» (ՀԲՃ) նախաձեռնությունը «Օրենքից դուրս հանքարդյունաբերություն» շարքի հերթական նյութում անդրադառնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գործունեությանը:
«Հայաստանում շահագործվող ամենախոշոր հանքավայրը Քաջարանում է: Այն շահագործվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից, որն ունի գործող մեկ պոչամբար՝ Արծվանիկի պոչամբարը: Այն գտնվում է ԶՊՄԿ-ից մոտավորապես 36 կմ հեռավորության վրա, ուստի կառուցված է խողովակաշար, որով դեպի պոչամբար են տեղափոխվում են հանքաքարի շահագործման արդյունքում առաջացած պոչանքները: Պոչամբարից հետ գնացող խողովակաշար կառուցված չէ, որպեսզի այն աշխատի ջրի շրջանառու համակարգով, ինչի հետևաքնով պոչամբարի պարզեցված ջրերը լցվում են Նորաշենիկ և Հալաջ գետերը և այնուհետև միանում Ողջի գետին: Փաստորեն, գետերը արդեն տարիներ շարունակ ծառայում են որպես թափոնատարեր, իսկ վերահսկող պետական մարմին կարծես գոյություն չունի:
Վերահսկող պետական մարմնի գոյությունը փորձում ենք գտնել նաև հաջորդ օրինախախտման դեպքում: Այսպես, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այժմ ունի տարեկան ընդամենը 12.5 մլն տոննա հանքաքար արդյունահանելու թույլտվություն, սակայն տնօրեն Մաքսիմ Հակոբյանը հրապարակային խոսում է 15-17 մլն տոննա արդյունահանելու մասին: Ավելին, ըստ «Քրոնիմետ» ընկերության պաշտոնական կայքի՝ ԶՊՄԿ-ում 2012-2013 թթ. հանքաքարի շահագործման ծավալները հասել են տարեկան մինչև 18,5-21 միլիոն տոննայի: Փաստորեն, շահագործողը մեծացրել է շահագործման ծավալները՝ չունենալով պատկան մարմինների թույլտվությունը: Սա Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին օրենքի (Հոդված 11.6) բացահայտ և կոպիտ խախտում է, որը նախատեսում է համապատասխան պատժամիջոցներ, մասնավորապես՝ ամբողջովին կամ մասամբ փակել, կասեցնել կամ արգելել շահագործման իրականացումը՝ մինչև փորձաքննական եզրակացությամբ սահմանված պայմանների ապահովումը: Օրենքով սահմանված այս պահանջը մինչ օրս մնում է չկատարված:
Կապան և Քաջարան քաղաքներում իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ ոռոգման ջուրը և սննդամթերքը, կովերի կաթը և գյուղմթերքը պարունակում են ծանր մետաղներ, որոնց քանակը գերազանցում է սահմանայինթույլատրելի չափը: Թեև հետազոտությունները կատարվել են 2005-2008 թթ.-ին, մինչ օրս առաջացած աղտոտումը վերացնելու ուղղությամբ որևէ քայլ չի կատարվել, իսկ բնակչության առողջական վիճակը շարունակում է մնալ չհետազոտված:
Մենք նշեցինք Քաջարանի հանքավայրի շահագործման հետ կապված ընդամենը երկու օրինախախտման մասին, որոնց կանխման ուղղությամբ պետական մարմինների կողմից տարիներ շարունակ ոչինչ չի ձեռնարկվում: Ընդգծենք, որ օրինախախտումների մասին բազմիցս նշվել է, դրանք փաստագրվել են բազմաթիվ տեսագրություններով:
Պետական մարմինների անգործության փաստը առավել հետաքրքրական է դիտարկել վերջերս կայացած հանքարդյունաբերական համաժողովի համատեքստում, որը մեծ արձագանք ունեցավ, իսկ ՀՀ վարչապետը բնապահպան ակտիվիստներին հրավիրեց հանդիպման՝ բարձրաձայնված խնդիրների շուրջ բանակցելու: Ընդ որում՝ հրավերն ուղարկվում է միջնորդավորված՝ տարբեր մասնագետների և կազմակերպությունների միջոցով:
Հարց է առաջանում. ինչի՞ շուրջ բանակցել պետական այն պաշտոնյաների հետ, որոնք որևէ քայլով չեն ապացուցել այս խնդիրները լուծելու իրենց պատրաստակամությունը: Հասկանալի չէ նաև, թե ի՞նչն է խանգարում վարչապետին անձամբ հրավիրելու բնապահպաններին, այլ չդիմել միջնորդների օգնությանը: Կամ ինչո՞ւ է վարչապետը հանդիպում բնապահպանական ոլորտի մի քանի ներկայացուցիչների հետ, իսկ հետո կառավարության պաշտոնական կայքում տարածում կեղծ տեղեկատվություն, թե նրանք լիազորված էին ներկայացնելու բնապահպան ակտիվիստների ասելիքը:
Եթե պետական մարմինները չունեն անհրաժեշտ կամքը, չեն ցանկանում կամ չեն կարողանում քննել նշված խնդիրները և դրանց տալ լուծումներ, ապա հանրության անվստահությունը դառնում է շատ բնական ու օրինաչափ: Առանց անհրաժեշտ կամքը և հստակ քայլերը տեսնելու՝ որևէ պաշտոնյայի հետ բանակցելը համարում ենք ժամավաճառություն, իսկ նրանց կողմից արված հրավերները՝ երկխոսության իմիտացիա ստեղծելու փորձ»: