Ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը երեկ առերեսվել է «օֆշորի գործով» անցնող մեղադրյալ Աշոտ Սուքիասյանին։
«Ասեցի՝ բարև, հիմար, քո պատճառով է, որ այսօր նման վիճակում եմ գտնվում», ֊ Սուքիասյանին ասած իր խոսքերը «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում փոխանցել է Հայրապետյանը։
Գործարարը նշել է, որ Սուքիասյանի հետ զրույցից ինքը հասկացել է, թե գլխավոր մեղավորներից մեկն էլ «Ամերիաբանկ»֊ի մասնաճյուղերից մեկի տնօրեն Գագիկ Սահակյանն է։
«Այն եզրակացության եմ եկել, որ խուլիգաններն են [նախկին] վարչապետ Տիգրան Սարգսյանը, Նավասարդ Կճոյանը, բայց այստեղ ամենամեծ հանցագործը բանկն է։ Բանկը փողերն առանց ուսումնասիրման տվել է, կեղծ փաստաթղթերով պայմանագրեր կնքել։ Այս բոլոր կեղտոտությունները բանկի տակ են», ֊ ասել է Հայրապետյանը։
Նշենք, որ օֆշորային սկանդալի մասին 2013֊ի մայիսին սկսել է գրել hetq.am֊ը։ Իր հրապարակումներից մեկում կայքն անդրադարձել է նաև «Ամերիաբանկի» դերին։ Համաձայն կայքի հրապարակած փաստաթղթի, Սուքիասյանը, ՀՀ այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանն ու արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը օֆշորային ընկերության սեփականատերեր են: Հետագայում Սուքիասյանը օֆշորային սկանդալն իր վրա էր վերցրել՝ հայտարարելով, որ առանց Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի գիտության նրանց անունով Wlispera Holdings Limited օֆշորային ընկերությունն է գրանցել Կիպրոսում:
Լուսանկարը՝ hetq.am