Մի թույլ տվեք, որ հանցագործը դիվանագիտական անձեռնմխելիություն ստանա։ Նման կոչով ԱՄՆ-ի Հայկական ֆորումը ստորագրահավաք է սկսել՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելու որոշման դեմ։
«Մենք գրում ենք ԱՄՆ-ի Պետդեպին տեղեկացնելու, որ Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ներգրավված է միլիոնավոր դոլարների լվացման մեջ՝ ներառյալ Կիպրոսի սկանդալները:
Նա Հայաստանում իր իշխանությունն օգտագործել է անձնական ֆինանսական շահույթ ունենալու նպատակով՝ խաբեությամբ խուսափել է օրենքով սահմանված պատժից: Հայաստանի կառավարությունը փորձեր է անում օգնել Սարգսյանին պաշտոն ստանալ ԱՄՆ-ում և խուսափել արդարադատությունից: Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ-ն կանխի Տիգրան Սարգսյանի արդարադատությունից փախչելու փորձը: Մենք պահանջում ենք, որպեսզի ԱՄՆ-ն մեղսակից չլինի Տիգրան Սարգսյանի կատարած հանցանքներին և նրա՝ արդարադատությունից խուսափելու մտադրությանը», – մասնավորապես, ասված է ստորագրահավաքի տեքստում։
Հայտարարությունն առցանց արդեն 200-ից ավել մարդ է ստորագրել։
Հիշեցնենք, որ ապրիլին վարչապետի պաշտոնը լքած Տիգրան Սարգսյանի անունը անցյալ տարվա մայիսից շրջանառվում է օֆշորային սկանդալի հետ կապված։ Համաձայն hetq.am կայքի հրապարակած փաստաթղթերի, Սարգսյանի, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի և գործարար Աշոտ Սուքիասյանի անունով Կիպրոսում օֆշորային ընկերություն է գրանցվել, որի միջոցով ունեզրկվել է գործարար Փայլակ Հայրապետյանը։
Սարգսյանը և Կճոյանը հերքում են, թե կապ ունեն օֆշորային ընկերության հետ, իսկ Աշոտ Սուքիասյանը ձերբակալվել է Վրաստանում և անցյալ ամսին արտահանձնվել Հայաստանին։ Փայլակ Հայրապետյանը նշել է, թե չի հավատում՝ Տիգրան Սարգսյանն անմեղ է և պահանջում է, որպեսզի նախկին վարչապետին նույնպես հարցաքննեն։