Home / Հայաստան / Սյունիքի մարզպետի որդին ԲՀԿ֊ականին սպառնացել է մորթել․ «Ժողովուրդ»

Սյունիքի մարզպետի որդին ԲՀԿ֊ականին սպառնացել է մորթել․ «Ժողովուրդ»

Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Ռոբերտ Հակոբյանը ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել` նշելով, որ իրեն սպառնացել են մորթել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա պատմել է, որ ապրիլի 5-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, Գորիս քաղաքի Գուսան Աշոտ փողոցում գտնվող Ծիածան շինանյութի խանութի մոտ մի խումբ երիտասարդներ մեքենաներով նախ հետապնդել են իրեն, իսկ ավելի ուշ սպառնացել.

«Մեքենաներից մեկը «Բրաբուս» մակնիշի ավտոմեքենա էր՝ 077 QQ 77 պետհամարանիշով, իսկ մյուսը՝ «Պորշ կայեն»՝ 77 AV 077 պետհամարանիշով: Մեքենաներից մեկի ղեկին նստած էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը (լուսանկարում), որը մեքենայով երկար հետապնդելուց հետո սկսեց ինձ սպառնալ, թե քեզ սպանելու եմ, մորթելու եմ: Այնպիսի հայհոյանքներ էր տալիս, որ ինձ թույլ չեմ տա այդ մասին Ձեզ հայտնեմ: Կատարվածից անմիջապես հետո ոստիկանություն եմ շտապել և հանցագործության մասին հաղորդում ներկայացրել, սակայն առայժմ ոստիկանության կողմից որևէ քայլ չի իրականացվել, և որևէ ձայն չկա»:

Թերթի հարցին՝ իսկ ինչն է պատճառը, որ Սուրիկ Խաչատրյանի որդին հետապնդել է իրեն և սպառնացել է մորթել, Ռոբերտ Հակոբյանը պատասխանեց. «Ես Բուդաղյանների ընտանիքի բարեկամ եմ, Բուդաղյանների փոքր տղան իմ դստեր ամուսինն է, և ես Տիգրան Խաչատրյանի արարքը կապում եմ Խաչատրյանների և Բուդաղյանների ընտանիքի հետ տեղի ունեցած դեպքի հետ»։

Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայրը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանը վիրավորվել է: Փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրանը և թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը: Հետագայում երկուսն էլ ազատ են արձակվել, քանի որ քննչական մարմինը գտել է, որ նրանք ինքնապաշտպանվել են: Բուդաղյանների ընտանիքը որոշումը բողոքարկել է դատական ատյաններում։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ news.am