Home / Տեսանյութեր / Մոսկվան, Բաքուն և Սփյուռքը խանգարեցին Հայաստանի և Թուրքիայի մերձեցմանը

Մոսկվան, Բաքուն և Սփյուռքը խանգարեցին Հայաստանի և Թուրքիայի մերձեցմանը

Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր (2007-2011, «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության խմբակցության անդամ), քաղաքական վերլուծաբան Սուաթ Կինիկլիօղլուն Today's Zaman֊ի իր սյունակում գրում է՝ ով է մեղավոր նրանում, որ Հայաստան֊Թուրքիա կարգավորման գործընթացը ձախողվեց։

«Անցած շաբաթը շատ զգացմունքային էր ու քաղաքականապես ակտիվ՝ պայմանավորված 1915 և 1916 թվականներին Օսմանյան կայսրությունում բնակվող հայերի զանգվածային սպանությունների 100֊ամյա տարելիցով։

Ուշադրությունը հիմնականում կենտրոնացված էր սգալու ու հիշելու վրա, և թուրք-հայկական գործընթացի մասին, կարելի է ասել, չխոսվեց։ Ի՞նչ պատահեց մեր հարաբերությունները կարգավորելու երբեմնի խոստումնալից հնարավորությանը։ Ժամանակն է խոսել դրա մասին։

Նախ, թույլ տվեք ընդգծել, որ երկու Արձանագրությունները (ստորագրվել են 2009 թվականին֊ խմբ․) լավ բանակցված, չափազանց արժեքավոր ու կառուցողական փաստաթղթեր էին։ Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացը կարևոր դիվանագիտական նախաձեռնություն էր։ Հետևաբար, շատ ցավալի է, որ այն ավարտին չհասցվեց։ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլն այդ արձանագրություններին եռանդ հաղորդող գլխավոր անձն էր․ նա միշտ կարգավորման գործընթացին մեծ նշանակություն է տվել։

Եթե կարգավորումը հաջողեր, մենք, հավանաբար, այսօր բոլորովին այլ Հարավային Կովկաս կունենայինք։ Թուրք֊հայկական սահմանը կբացվեր, պատմական հարթությունները կքննարկվեին, ու մեր ժողովուրդներն ի վիճակի կլինեին ուղիղ հաղորդակցվել միմյանց հետ։ Երբ սահմանը բացվեր, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսություններն ինքնաբերաբար կուղղվեին դեպի թուրքական շուկա։ Մատչելիության ու նյութատեխնիկական ուղիները կանցնեին Թուրքիայի միջով։ Հարավային Կովկասի տարածաշրջանն անկախություն ձեռք կբերեր ու ուղղություն կբռներ դեպի Եվրոպա, այլ ոչ՝ դեպի Մոսկվա։ Ես նաև համոզված եմ, որ այս զարգացումները կհանգեցնեին փոխզիջման՝ լուծելով վիճելի տարածք հանդիսացող Լեռնային Ղարաբաղի խնդիրը։

Ռուսները վտանգն անմիջապես զգացին։ Նրանք տեսան Հարավային Կովկասի՝ իրենց ձեռքից դուրս պրծնելու հեռանկարը։ Նրանք սկսեցին նախազգուշացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով գործընթացի նախնական փուլում չէր հավատում, որ այն թափ կհավաքեր։ Նրանք Ալիևին տվեցին Երևանից ստացված՝ Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված Արձանագրությունները։ Նրանք ցանկանում էին՝ Ադրբեջանը խոչընդոտեր գործընթացին՝ օգտագործելով Թուրքիայի ներսում ունեցած ազդեցությունը։ Ալիևն արագ արձագանքեց։ Ազգայնական սյունակագիրներն սկսեցին քննադատել հարաբերությունները կարգավորելու կառավարության ջանքերը։ Դրան հետևեցին էներգետիկ համագործակցության վերաբերյալ սպառնալիքներ Ադրբեջանից։

Մի խումբ ադրբեջանցի խորհրդարանականներ ուղարկվեցին Թուրքիա՝ հասարակական կարծիքը փոխելու նպատակով։ Հանրային կարծիքը փոխելու վերջին տարիներին ամենահաջողված քարոզարշավներից մեկի շրջանակում՝ այդ պատգամավորներն այցելեցին խոշոր հեռուստաընկերություններ ու իրապես դրամատիկ շոուներ բեմադրեցին, այդ թվում՝ հանդիպելով հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության հետ։ Եվ դա աշխատեց։ Տրամադրությունը կտրուկ փոխվեց՝ ընդդեմ Արձանագրությունների։ Էրդողանը նկատեց փոփոխությունը։ Նա նախկինում էլ շատ շահագրգռված չէր այդ գործընթացով, քանի որ դա «իր գործընթացը» չէր, այլ առաջնորդվում էր Գյուլի ցուցումներով։

Բաքվի մտահոգություններն ամոքելու նպատակով կատարված այցի շրջանակում՝ Էրդողանն ու Ալիևը երկու ժամ տևած դեմառդեմ հանդիպում ունեցան։ Այդ հանդիպման վերաբերյալ արձանագրություններ չկան, ու ոչ ոք չգիտի՝ ինչ է քննարկվել։ Հայտնի է միայն այն, որ Էրդողանն ու Ալիևը հանդիպումից անմիջապես հետո գնացին Ադրբեջանի խորհրդարան, ու Էրդողանը հանդես եկավ տխրահռչակ ելույթով՝ արդյունավետ կերպով ոչնչացնելով կարգավորման գործընթացի հեռանկարները։ Նա կարգավորումը պաշտոնապես դարձրեց նախապայման Լեռնային Ղարաբաղի «բռնազավթմանը» վերջ դնելու հարցում։ Գյուլն ու Դավութօղլուն ցնցված էին, քանի որ նման բան նախկինում չէին քննարկել, և այժմ նրանք երկուսն էլ հայտնվել էին շատ անհարմար իրավիճակում։ Հետևեցին գործընթացը փրկելու ջանքեր՝ բոլորն ապարդյուն։ Չափազանք բարդ էր առաջ շարժվել գործընթացում, երբ Էրդողանն սանդղակը նման մակարդակի էր բարձրացրել։

Մինչ օրս, Գյուլն ափսոսում է բաց թողնված հնարավորությունը։ Այնպես, ինչպես մեր արտգործնախարարությունը, որն այդ գործընթացքում շատ ժամանակ ու եռանդ էր ներդրել։ Եթե կարգավորումը հաջողության հասներ, սահմանը կբացվեր, և Հայաստանն ու Թուրքիան նորմալ դիվանագիտական հարաբերություններ կունենային։ Մենք նաև ի վիճակի կլինեինք քննարկել պատմական հարթության ծանր բեռը։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կլուծվեր։ Հարավային Կովկասն առավել անվտանգ տարածաշրջան կլիներ։

Բայց այդպես չէր վիճակված։ Ո՛չ Մոսկվան, ո՛չ Բաքուն, ո՛չ էլ հայկական սփյուռքը չէին ուզում՝ գործընթացը հաջողության հասներ։ Բաց թողնված ինչպիսի՜ հնարավորություն մեր պետությունների համար»։