Դեկտեմբերի 10-ի, ժամը 22։30-ի սահմաններում Արտակ Գևորգյանին ազատ են արձակել ոստիկանության բաժնից։
Այսօր, ժամը 20:00-ի սահմաններում Երևանի կենտրոնում` սրճարաններից մեկից բերման է ենթարկվել «Հակահարված» արտ-խմբի անդամ Արտակ Գևորգյանը: Դեպքի վայրում գտնվող ականատեսները պատմել են Epress.am-ին, որ քաղաքացիական հագուստով երկու անձինք ներկայացել են որպես ոստիկանության կենտրոնի բաժնի աշխատակիցներ՝ ասելով, որ իրենք կասկածյալի են փնտրում:
Նրանք սրճարանից դուրս են կանչել Գևորգյանին, նստացրել «Մերսեդես» մակնիշի սև ավտոմեքենա և հեռացել: Թե ինչ գործով կասկածյալի մասին է խոսքը եղել, Գևորգյանին չեն ասել: Ականատեսների խոսքով՝ օպեր ներկայացած անձինք ոչ մի փաստաթուղթ չեն ներկայացրել:
Ոստիկանության մամուլի բաժնի ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը «Հետքի» հետ զրույցում նշել է, որ Արտակ Գևորգյանը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին` «ուրիշի գույքը դիտավորյալ վնասելու կասկածանքով»:
Արտ-խմբի ներկայացուցչի բերման ենթարկվելու լուրին Ֆեյսբուքի էջի միջոցով արձագանքեց օմբուդսմենի գրասենյակը։ Գրառման մեջ նշված է, որ իրենք «ներում են Գևորգյանին»։
«Քիչ առաջ տեղեկացանք, որ բերման է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Արտակ Գևորգյանը, ով իբրև այսօր առավոտյան ներկել էր մեր գրասենյակի դուռը:
Անկախ նրանից, թե ով է եղել նման արարքի կատարողը, մենք չենք ցանկանում, որ որևէ մարդ ենթարկվի քրեական պատասխանատվության այդ արարքի համար:
Մենք համարում ենք նման արարքն անթույլատրելի, սակայն ներում ենք թե՛ դրա կատարողներին և թե՛ կազմակերպիչներին:
Մենք որևէ հաղորդում կամ ահազանգ չենք ներկայացրել իրավապահ մարմիններին, որպեսզի որևէ անձ ենթարկվի քրեական հետապնդման:
Օմբուդսմենի հանձնարարականով նրա տեղակալն այժմ գտնվում է ոստիկանության Կենտրոնի բաժնում, որպեսզի բոլոր հնարավոր եղանակներով պաշտպանի Արտակ Գևորգյանի իրավունքները», – գրված է Հայաստանի օմբուդսմենի էջում։