Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության դիմում-բողոքը, որով քաղաքական ուժը պահանջում էր անվավեր ճանաչել դեկտեմբերի 6-ին կայացած նոր Սահմանադրության նախագծի հանրաքվեի արդյունքները։
ՀԱԿ-ի դիմում-բողոքը ներառում էր ընտրակեղծիքների մասին դիտորդների և լրագրողների կողմից ներկայացված բազմաթիվ փաստեր, տեսանյութեր:
Ինչպես հաղորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը, հաշվի առնելով քվեարկության արդյունքների, արձանագրված խախտումների վերաբերյալ հանձնաժողովների արձանագրությունները և որոշումները՝ ԿԸՀ-ն ամփոփել է դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի արդյունքները և ընդունել որոշում, համաձայն որի «2015թ. դեկտեմբերի 6-ին հանրաքվեի դրված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունված է»:
Ինչպես հաղորդում է newsline.am֊ը, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մերժել է դիմումը ներկայացրած ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի պահանջը՝ դահլիճում հեռարձակել խախտումներին վերաբերող տեսանյութերը։ Մուկուչյանը պատճառաբանել է, թե դահլիճում չկան համապատասխան տեխնիկական միջոցներ:
«Մենք ձեզ ներկայացրել ենք 193 ընտրատեղամասերի վերաբերյալ խախտումներ, իսկ, ըստ դատախազության, գրանցվել է 420 դեպք, որոնք ունեցել են առերևույթ հանցագործության դրսևորում… Դուք հիմա այն դատավորի կեցվածքում եք, ում աչքի առաջ սպանություն են գործում, ասում է՝ պետք է հետաքննությունը պարզի՝ ինչ է եղել: Ձեր աչքի առաջ ներկայացնում ենք թվեր, որոնք իրականությանը չեն կարող համապատասխանել ու Դուք ձեր աչքերը փակում եք», – ասել է Զուրաբյանը։