Ապրիլի 26-ից լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը շարունակել է ինտենսիվ հրետակոծությունները, հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանական զինուժը իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում` ականանետերից, թնդանոթներից ու ՄՄ-21 (Գրադ) կայանքներից ղարաբաղյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր», ֊ ասված է ՊՆ֊ի հաղորդագրության մեջ:
Պն֊ն նաև հայտնում է, որ հրետակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Սամվելի Մինասյանը:
«Հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների և թիրախային հարվածներ հասցնելով՝ թշնամուն պատճառել կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ: Այս պահի դրությամբ հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է», ֊ եզրափակում է Պաշտպանության նախարարությունը: