Home / Շուկա / ԴԱՀԿ վարույթների թիվը 6 տարվա ընթացքում զգալիորեն աճել է

ԴԱՀԿ վարույթների թիվը 6 տարվա ընթացքում զգալիորեն աճել է

Վերջին 5 տարիների ընթացքում Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության վարույթների թիվը զգալիորեն աճել է։

Համաձայն վիճակագրության՝ ԴԱՀԿ֊ի կողմից 2010 թվականին հարուցվել է մոտ 83 հազար վարույթ, 2011 թ.՝ մոտ 91 հազար, 2012թ.՝ մոտ 105 հազար, 2013թ.՝ 123 հազար, 2014թ.՝ 480 հազար , 2015թ.՝ 893 հազար, 2016թ.՝ ավելի քան մեկ միլիոն։ Աշխատանքի ծավալի աճը դրված է ԴԱՀԿ֊ին վերաբերող Կառավարության նոր որոշման հիմքում, որով հաստատվում է ԴԱՀԿ֊ի աշխատակիցների նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների ծախսման 2017 թվականի նախահա­շիվը։

http://datawrapper.dwcdn.net/r3jzd/1/

«Ներկայացվող նախահաշվում 2017 թվականի ընդհանուր ծախսը կազմում է 1,393,020.0 հազ. դրամ, որից 666,510.0 հազ. դրամը նախատեսվում է օգտագործել Ծառայության աշխատակիցների պարգևատրման, դրամական խրախուսման և պայմանագրային աշխատողների աշխատավարձերի, պարգևատրումների և դրամական խրախուսման նպատակով», ֊ ասված է Կառավարության որոշման մեջ։

Epress.am-ի հարցին, թե ինչով է պայմանավորված ԴԱՀԿ վարույթների աճը՝ ԴԱՀԿ մամուլի ծառայությունից հրաժարվել են պատասխանել՝ հիմնավորելով, թե իրենք պարզապես կատարում են դատարանների և վարչական մարմինների կողմից տրված վարչական ակտերը։

Մեր այն հարցին, թե ինչ տիպի կատարողական թերթերն են շատացել, կամ, օրինակ, որքան են կազմում ճանապարհային երթևեկության կանոնների՝ սարքերով նկարահանված խախտումներին վերաբերող վարչական ակտերը, որոնք առհասարակ չկային 2010 թվականին, ԴԱՀԿ֊ից պատասխանել են, թե այդ հարցով պետք է դիմել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ։

«Ինչ վերաբերում է վիճակագրական տվյալներին, տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունն ամփոփում և հրապարակում է հաշվետու տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին մանրամասն տեղեկատվություն»,֊ ասել են ԴԱՀԿ֊ից։

Հրապարակված տեղեկությունը մանրամասն չէ, սակայն ցույց է տալիս, որ բռնագանձված գումարները մեծ մասն ուղղվել է իրավաբանական անձանց։ 2016 թվականի տվյալներով ԴԱՀԿ֊ն պետական բյուջեի օգտին բռնագանձել է մոտ 2.7 միլիարդ դրամ, իսկ իրավաբանական անձանց օգտին՝ մոտ 11.7 միլիարդ։

Իրավաբան Քրիստինա Գևորկյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ԴԱՀԿ վարույթների թվի աճը պայմանավորված է նրանով, որ 2015 թվականին կատարված օրենսդրական փոփոխությամբ վարչական մարմինները, առանց դատարաններ դիմելու, կարող են միանգամից դիմել ԴԱՀԿ։ Այս փոփոխությունն արվել է դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար, ինչն էլ հանգեցրել է վարույթների կտրուկ աճին։