Այս շաբաթ մարվել է 2015 թվականին Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաղողագործների մթերած խաղողի դիմաց ունեցած պարտքի մի մասը։
Epress.am-ի հետ զրույցում քաղցրաշենցի Գևորգ Հարությունյանը, որին խաղողը մթերած «Վինար» գործարանը 1 միլիոն 705 հազար դրամ է պարտք, տեղեկացրել է, որ իր հաշվեհամարին մոտ մեկ շաբաթ առաջ փոխանցվել է 540 հազար դրամ։
Նրա խոսքով, սակայն, խաղողագործների մի մասն ընդհանրապես գումար չի ստացել․ «Մոտ 10 հոգի մարդ գիտենք, որ նրանց հաշվեհամարին ընդհանրապես գումար չի փոխանցվել, եղել են նաև մարդիկ, որոնց պարտքին քիչ էր մնացել, ու տվել, պրծել են»,- նշել է Հարությունյանը։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այսօր տեղեկացրել է, որ գումարները փոխանցվել են այն բանից հետո, երբ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը բանակցություններ է վարել «Շահնազարյան» ընկերության ղեկավարության հետ և վերջիններս մոտ 50 մլն դրամի սպիրտ են գնել «Վինարից»:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչներն 2015 թվականի աշնանն առատ բերքի պայմաններում ստիպված են եղել խաղողի կիլոգրամը «Վինար» գինու գործարանին հանձնել անգամ 40 դրամով, սակայն մինչ օրս գումարները չեն ստացել։ Նրանք պարբերաբար բողոքի ցույցեր են անցկացրել, հրաժարվել են իրենց երեխաներին դպրոց ուղարկել։
Գյուղնախարար Իգնատի Առաքելյանը քաղցրաշենցիներին մի քանի անգամ խոստացել էր, որ գործարանը պատրաստվում է վաճառել սպիրտը, ինչից հետո կմարվեն խաղողագործների բոլոր պարտքերը։ Գյուղատնտեսության նախարարությունը դիմել էր Գլխավոր դատախազություն և դատի էր տվել «Վինար» ընկերությանը՝ «գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելու համար»։
Նախարարը տեղեկացրել էր, որ «Վինարի» 16,5 մլն դրամի սպիրտը գնել է Պռոշյանի կոնյակի գործարանը և մարզպետից արդեն ստացվել են գյուղացիների ցուցակներն ու հաշվեհամարները և այդ գումարն առաջիկայում կփոխանցվի պարտատերերին, սակայն մարվել էր պարտքի միայն չնչին մասը։
Գյուղացիները մարտին հանդիպել էին նաև Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ, սակայն վերջինս տեղեկացված չի եղել խաղողագործների խնդրի մանրամասներին։ Նա առաջարկել էր պարտքը մարել կոնյակի հումքով, ինչը, գյուղացիների խոսքով, ծիծաղելի է, որովհետև կոնյակի հումքով չեն կարող մարել բանկերի վարկերը։