Home / Մեդիա / Լրագրողի տուն ոստիկանների մուտք գործելու վերաբերյալ քննությունը ձևական բնույթ է կրել․ ՀՔԱՎ

Լրագրողի տուն ոստիկանների մուտք գործելու վերաբերյալ քննությունը ձևական բնույթ է կրել․ ՀՔԱՎ

Առանց համապատասխան թույլտվության լրագրող Արփի Մախսուդյանի բնակարան մուտք գործելու մեջ Հատուկ քննչական ծառայությունը հանցակազմ չի տեսել: Այս մասին տեղեկացնում է Վանաձորի հելսինկյան իրավապաշտպան գրասենյակը՝ հենվելով ՀՔԾ հունիսի 26-ին կայացրած որոշման վրա։

Մայիսի 11-ին Civilnet.am կայքի լրագրող Արփի Մախսուդյանի բնակարան էին մուտք գործել քաղաքացիական հագուստով 4 ոստիկաններ, առանց համապատասխան թույլտվության ցանկացել են խուզարկել բնակարանը։ Ոստիկան ներկայացած անձինք՝ ասել են, որ Մոսկվայից տեղեկություն ունեն, թե բնակարանում է թաքնվում ծանր հանցագործություն կատարած անձ։ Ոստիկաններն ագրեսիվ վարք են դրսևորել, սպառնացել են բաժին տանել Մախսուդյանի սկեսրայրին: Ոստիկանների վերաբերմունքը փոխվել է միայն այն բանից հետո, երբ լրագրողը փորձել է հեռախոսով կապվել իրավաբանի հետ: Դրանից հետո ոստիկանները, սպառնալիքներ հնչեցնելով և ընտանիքի անդամներին ահաբեկելով, հեռացել էին։

Ավելի վաղ վարույթն իրականացնող մարմինը քաղաքացիական հագուստով ոստիկանների գործողությունները որակել էր որպես պաշտոնեական լիազորությունների գերազանցում։ ՀՔԱՎ֊ն ընդգծում է նաև, որ օրեր առաջ Արփի Մախսուդյանը հարուցված քրեական գործի շրջանակում իր պաշտպանի՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի միջնորդությամբ տուժող էր ճանաչվել:

«Գործի քննության շրջանակում այդպես էլ իրավական գնահատական չի տրվել ոստիկանների՝ Մախսուդյանների բնակարան մուտք գործելու հիմնավորվածությանը և ոստիկանների լիազորությունների գերազանցման փաստին: Այսինքն, քննությունը կրել է ձևական բնույթ և մեղավորներին պարզելու ու պատասխանատվության ենթարկելու նպատակ չի հետապնդել: Արփի Մախսուդյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը վերոնշյալ հիմքերով արդեն բողոքարկել է քրեական գործը կարճելու վերաբերյալ որոշումը», ֊ մասնավորապես, նշում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: