Home / Դատարան / Նախկին վարչապետը դատարանում իր անմեղությունն ապացուցող փաստեր չի ներկայացնում, բայց հերքում է պահանջում․ զրույց

Նախկին վարչապետը դատարանում իր անմեղությունն ապացուցող փաստեր չի ներկայացնում, բայց հերքում է պահանջում․ զրույց

ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, որը հայցով դատարան է մտել գործարար Աշոտ Գրիգորյանի և 5 ԶԼՄ֊ների (epress.am, a1plus.am, iravunk.am, tert.am, 168.am) դեմ, 2 միլիոն դրամ է պահանջում իր գնահատմամբ զրպարտող հայտարարությունը կատարած Գրիգորյանից, դատարանում զրպարտությունը հերքող ապացույցներ չի ներկայացնում։ Այս մասին Epress.am֊ի խմբագրությունում քննարկման ժամանակ ասել է փաստաբան Հարություն Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 7֊ին Սլովակիայի հայկական համայնքի ղեկավար, EU-ASIA Buisness Finance Centre հոլդինգը ղեկավարող գործարար Աշոտ Գրիգորյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որտեղ հայտարարել էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը, օգտագործելով իր օֆշորյան հաշիվները, սնանկացման է տարել «Նաիրիտ» գործարանը։

«Եթե Տիգրան Սարգսյանն ուզում էր այս ամենը հրապարակվեր և իր պատիվն ու արժանապատվության հարցն իսկապես դրվեր, պետք է հրապարակավ բերեր այն փաստաթղթերը և ասեր՝ ընկեր Աշոտ Գրիգորյան, ձեր գործողություններն իսկապես զրպարտիչ են, քանի որ այս փաստաթղթում իմ անունը չկա, այս գումարները ծախսվել են այսինչ գործողությունների համար, իսկ ձեր ասած այսքան մասի վերաբերյալ ընդհանրապես որևէ այլ հիմնավորում չկա։ Քանի որ դուք սրանք չունեք, այս առումով ես ձեզանից պահանջում եմ, որ դուք հերքեք այս ամենը։ Այս դեպքում Աշոտ Գրիգորյանը գուցե իսկապես ներկայացներ փաստեր, քանի որ շատ պատվարժան մարդու արժանապատվության հետ է խաղացել», ֊ ասել է Բաղդասարյանը։

Փաստաբանի խոսքով՝ դատախազությունը պարտավոր է եղել ընթացք տալ գործարար Գրիգորյանի հայտարարությանը՝ ելնելով քրեադատավարական օրենսգրքից, սակայն, հայտնի չէ, թե քրեական գործ հարուցվել է, թե՝ ոչ։

«Ցանկացած քրեական գործերի շրջանակում, եթե որևէ մեկը ինչ֊որ հայտարարություն կամ հաղորդում է տալիս, դատախազությունն այս մարդուն հրավիրում է համապատասխան քննչական բաժին, որպեսզի նա հաղորդում տա իր իմացած տվյալների մասին։ Այս դեպքում մենք կդժվարանանք ասել քրեական գործ հարուցվել է, թե՝ ոչ, քանի որ այդ տեղեկատվությունը չունենք։ Բայց ակնհայտ է, որ քրեադատավարական օրենսգրքի տեսանկյունից արված է հաղորդում, որևէ պաշտոնատար անձի կողմից իր իրավասություններից դուրս գալու կամ պաշտոնական դիրքի չարաշահման առումով։ Հետագայում քննությամբ կպարզվի, թե դա փողերի լվացո՞ւմ է, դա արդեն ուրիշ խնդիր է։ Բայց այդ ամենը քրեական գործի հարուցման առիթ էր», ֊ ընդգծել է Բաղդասարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․