Կառավարության և Երևանի ավագանու նիստերը ԶԼՄ֊ների համար լուսաբանելը սահմանափակելու հարցը պետք է հասնի մինչև Եվրոպական դատարան, քանի որ այդ արգելքները հակասում են Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 10֊րդ հոդվածին, այն է՝ արտահայտվելու ազատությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը։
«Առաջին՝ խոսքի ազատության որևէ սահմանափակում պետք է լինի օրենքի տեսքով։ Երկրորդը՝ այդ սահմանափակումը պետք է ունենա օրինական նպատակ։ Բերում են փաստարկներ՝ մենք ուզում ենք ապահովել քաղաքապետարանի անվտանգությունը։ Բայց այ երրորդ պահանջին սա որևէ կերպ չի կարող հապապատասպանել․ դա է՝ յուրաքանչյուր սահմանափակում պետք է անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում։ Պետք է առկա լինի սուր հասարակական պահանջ։ Բնականաբար չկա սուր հասարակական պահանջ սահմանափակելու ավագանու նիստերի լուսաբանումը։ Ընդհակառակը՝ սուր հասարակական պահանջ կա, որ ավագանու նիստերը լինեն դռնբաց»,֊ ասել է նա։
Փորձագետը նաև բարձրացրել է Ազգային ժողովի «թասիբի հարցը»՝ նկատելով, որ այն որպես օրենսդիր մարմին չի աշխատում։
«Ցանկացած բովանդակության օրենք հնարավոր է ընդունել մեկ օրում Ազգային ժողովում։ Ես նույնիսկ զավեշտով ֆեսբյուքյան իմ էջում գրեցի, որ հնարավոր է՝ Կառավարությունը բերի օրենքի նախագիծ, որով կարգելվի քննադատել Կառավարությանը, որևէ շանս քաղաքացիական հասարակությունը չունի այդ աբսուրդ նախագծի դեմ դիմակայելու, որովհետև եթե դա մտավ ԱԺ, հաջորդ օրը ԱԺ֊ն կհաստատի։ Սա նշանակում է, որ մենք չունենք օրենսդիր մարմին»,֊ ասել է Դոյդոյանը։
Նա նկատել է, որ Կառավարությունը ԶԼՄ֊ների աշխատանքը սահմանափակող օրինագծերը չի դրել հանրային քննարկման՝ ոչ օնլայն, ոչ օֆլայն հարթակներում․ նույնիսկ E-draft․am կայքում, որ Կառավարությունն այդքան գովազդում է։
Նշենք, որ Ազգային ժողովը մարտի 23-ին արտահերթ ընթացակարգով ձայների մեծամասնությամբ երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի 7 գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթը: