Մայիսի 10-ին, ժամը 11։00-ին Երևանի քաղաքապետարանի մոտ ակցիա է նախատեսվում ընդդեմ Երևանի քաղաքապետ, ՀՀԿ֊ական Տարոն Մարգարյանի պաշտոնավարման։ Այս մասին տեղեկացնում է Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացված «Մերժում ենք Տարոնին» էջը։ Սոցցանցում տարածում են նաև ստորագրահավաքի հղումը և Մարգարյանի հրաժարականի պահանջով տեքստը․
«Համաժողովրդական շարժման առանցքային և մոտալուտ նպատակը ՀՀԿ ներկայիս հանցավոր և կոռումպացված ռեժիմից ազատվելն է: Պետական կառավարման համակարգի նկատմամբ տարած հաղթանակները դեռևս չեն ենթադրում տեղական ինքնակառավարման մարմիններում քրեաօլիգարխիկ համակարգի չեզոքացում: Տեղական ինքնակառավարման մարմինները ենթակա չեն վարչապետին կամ պետական կառավարման մարմիններին, դրանք ձևավորվում են ընտրությունների արդյունքում և, լինելով ներկայացուցչական մարմիններ, անմիջականորեն պատասխանատու են տեղական բնակչությանը:
Հիմք ընդունելով Տարոն Մարգարյանի պաշտոնավարումից ի վեր բազմաթիվ քաղաքացիների ու խմբերի կողմից հանցագործությունների, թալանի, ամեն տեսակ ապօրինությունների և հակասահմանադրական գործողությունների մասին բազմիցս ներկայացված վկայություններն ու հաղորդումները, որոնք քաղաքապետն ու նրա թիմը տարիներ շարունակ հետևողականորեն անտեսել են, պահանջում ենք քաղաքապետի հրաժարականը և ավագանու արձակումը: Առկա քաղաքական իրողությունները և ստորև ներկայացված խնդիրները անհետաձգելի են դարձնում քաղաքային իշխանությունների հրաժարականի պահանջը:
Հրապարակված աղաղակող փաստերը վկայում են, որ քաղաքային իշխանությունները ձևավորվել են Հանրապետական կուսակցության և վերջինիս կից քրեաօլիգարխիկ տարրերի համակարգված ընտրակեղծարարության, ընտրակաշառքների, վարչական ռեսուրսների չարաշահման և բռնությունների միջոցով: Երևանի ավագանին տարիներ շարունակ ոչնչացրել է արդյունավետ կառավարման բոլոր հնարավորությունները, հովանավորչությամբ և այլ կոռուպցիոն ճանապարհներով մսխել քաղաքային բյուջեն` ձևավորելով բռնության, անպատժելիության և անպատասխանատվության մշակույթ: Երևանի իշխանությունները ի սկզբանե չեն ձևավորվել օրինական ճանապարհով և հետագայում էլ չեն ծառայել քաղաքի բնակիչների շահերին:
2011 թ.՝ Տարոն Մարգարյանի քաղաքապետ «ընտրվելու» օրվանից ի վեր, մամուլի էջերը հեղեղված են քաղաքապետի կողմից պետբյուջեի մսխման, «ատկատների», ձևական տենդերների, ինքնանպատակ տոնակատարությունների համար ծախսված հսկայական գումարների մասին հրապարակումներով: Զավեշտալի է, օրինակ, քաղաքապետարանի կողմից 1,5 մլն ՀՀ դրամով կոնյակի բաժակներ ձեռք բերելը (մեկ բաժակի արժեքը կազմել է 100 000 ՀՀ դրամ), 29 մլն ՀՀ դրամով կոնյակ գնելը կամ թե Էրեբունի-Երևան տոնակատարության առիթով քաղաքապետարանի բյուջեից 80 մլն ՀՀ դրամ հատկացնելը: «Թափառող շների դեմ պայքարի» նպատակով Երևանի քաղաքապետարանի պատվերով «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ին պետական բյուջեից տարեկան տրամադրվում է մինչև 220 միլիոն ՀՀ դրամ, մինչդեռ կենդանիների նկատմամբ իրականացվող միջոցառումները Երևանում արտահայտվում են վերջիններիս զանգվածային դաժան սպանդով։ Օրինակները շատ են, բայց դրանցից ոչ մեկն առ այսօր չի արժանացել Տարոն Մարգարյանի պաշտոնական արձագանքին կամ մեկնաբանությանը:
Հսկայական ծավալների են հասնում Տարոն Մարգարյանի կողմից անձնական նկատառումներով իրականացված պաշտոնական դիրքի չարաշահումները: Քաղաքապետի ամսական աշխատավարձը (575 000 ՀՀ դրամ) անհամեմատելի է անգամ նրա հայտարարագրած ունեցվածքին. 2017 թ. հունիսի 18-ի տվյալներով՝ քաղաքապետին են պատկանում անհատական բնակելի տուն և ամառանոց, հասարակական և արտադրական նշանակության շինություններ, բնակարաններ, ավտոմեքենա, ավտոտնակներ, արժեթղթեր, դրամական միջոցներ՝ 250 միլիոն ՀՀ դրամի, 45 000 ԱՄՆ դոլարի, 50 000 եվրոյի չափով, ինչը նա ձեռք է բերել պաշտոնավարման ընթացքում: Հավելենք, որ նրա գործազուրկ կինը հայտարարագրել է 50 միլիոն ՀՀ դրամ:
Երևանում բացակայում է ճարտարապետական քաղաքականություն։ Փոխարենը իրականացվում է բիզնես և կլանային շահեր հետապնդող անկանոն շինարարություն։ Շինթույլտվությունները տրամադրվում են քաղաքային իշխանություններին և նրանց մերձավորներին պատկանող բիզնես ընկերությունների շահերը սպասարկելու և ոչ երբեք քաղաքային մշակույթը պահպանելու ու զարգացնելու առաջնահերթություններով։ Սա է վկայում նաև վերջին տարիներին տեղի ունեցած կանաչ և հանրային տարածքների հետևողական սեփականաշնորհումը և ոչնչացումը (օրինակ՝ Հաղթանակի այգի, Օղակաձև զբոսայգի, Մանկական զբոսայգի, Հրազդանի կիրճ, Ավանի լիճ, Ջրվեժի անտառտնտեսություն, ներկայումս ընթացիկ «բարեկարգման» մեջ գտնվող Սպանդարյանի արձանին կից այգի և Փոստի դիմաց գտնվող Մաշտոցի պուրակի մասը կազմող այգի)։ Աղետալի վիճակում են պատմա-մշակութային հուշարձանները, որոնցից շատերը այլևս կորսված են կամ վերականգնման ենթակա չեն (օրինակ՝ Ծածկած շուկա, Աֆրիկյանների տուն, Արամի 30 հասցեում գտնվող հուշարձան-շենք, Երևանի առաջին տպարանի շենք և այլն)։ Թամանյանական քաղաք-պարտեզի գլխավոր հատակագիծը և քաղաքի առողջ միջավայրի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ամբողջությամբ խեղաթյուրված են։ Այս ամենի հետևանքով խաթարվում են քաղաքի սեյսմիկ և հակահրդեհային անվտանգությունը, առողջ և անվտանգ միջավայրը։
Երևանի բնակչությանը սպասարկում է մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր քաղաքային տրանսպորտ, որի շահագործումը ծառայում է իշխանական և իշխանամերձ գծատերերի շահերին և ենթարկվում է վերջիններիս ստվերային ու կամայական կառավարմանը: Խնդրին առերեսվում են ոչ միայն ուղևորները, այլև հասարակական տրանսպորտը սպասարկող վարորդները, որոնք ենթարկվում են շահագործման և կեղեքվում գծատերերի կողմից՝ շարունակաբար լցնելով նրանց գրպանները: Գծատիրոջ վաղեմի համբավ ունի նույն ինքը՝ քաղաքապետը, որ իր աներձագի՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի հետ միասին հիմնադրել է 5 և 32 երթուղիները սպասարկող «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ն:
Տարոն Մարգարյանը և նրա թիմակիցները քանիցս հանդես են եկել բիրտ ուժի դիրքերից և ձևավորել բռնարարության մթնոլորտ: Քաղաքապետը չի խորշել իր տիրապետած վարչական ռեսուրսները բանդաների տեսքով բաց թողնել խաղաղ բնակիչների դեմ: Մասնավորապես` աչք զարնեց այս շարժման օրերին Ավան վարչական շրջանում քաղաքապետարանի աշխատակիցների և Տարոն Մարգարյանի մերձավորների մահակավորված հարձակումը բնակիչների և խաղաղ ցուցարարների վրա:
Տարոն Մարգարյանի կառավարման շրջանում առանձնակի ընդգծված էր կանանց հանդեպ խտրական, ստորացուցիչ վերաբերմունքը և բռնի գործելաոճը՝ սկսած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընդդիմադիր կին գործիչների նկատմամբ բռնություններից մինչև կանանց նկատմամբ հնչեցրած նվաստացուցիչ հայհոյանքներ ավագանու նիստերի ժամանակ: Հանրությանը ցնցեց հատկապես այս տարվա փետրվարին Տարոն Մարգարյանի հրահանգով ավագանու մի խումբ անդամների և քաղաքապետարանի աշխատակիցների հարձակումն ավագանու ընդդիմադիր կին անդամների վրա, որն ուղեկցվեց հրապարակային ֆիզիկական բռնությամբ, սեռական ոտնձգություններով, հայհոյանքներով և սպառնալիքներով: Պատասխանատուները ոչ միայն չպատժվեցին, այլև շարունակեցին վարչական ռեպրեսիաները կանանց նկատմամբ:
Քաղաքապետարանին ենթակա հանրակրթարաններում մոլեգնող ընտրակեղծարարությունները, դպրոցներում պարբերաբար կազմակերպվող ապօրինի դրամահավաքները հիմնովին բարոյալքել և արժեզրկել են կրթական համակարգը, խեղել վերջինիս անկախության սկզբունքը։ Տարիներ շարունակ տեղի է ունեցել դպրոցների առևտրայնացում և կուսակցականացում: Պետական միջոցների վատնումին զուգընթաց շատացել են նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա խնդիրները, դպրոցներում խորացել է սոցիալական արդարության ճգնաժամը։
Հանրային նշանակության շենքերի և շինությունների, այդ թվում՝ կառավարական շենքերի, դատարանների, թաղապետարանների, բուժհաստատությունների, ինչպես նաև կրթական և մշակութային հաստատությունների մեծամասնությունը անմատչելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Հանրային տրանսպորտի, ինչպես նաև ընտրատեղամասերի համատարած անմատչելիության պայմաններում ամեն օր խախտվում է հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժման և քաղաքական կյանքին մասնակցության իրավունքը։ Առ այսօր քաղաքապետարանի կողմից չի ընդունվել հստակ և ամփոփ գործողությունների պլան՝ ապահովելու Երևան քաղաքի մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Սրանք այն դեպքերն են, որոնք ստացել են հանրային հնչեղություն։ Վստահաբար շատ են չարաշահումները, որոնց մանրամասները հանրությանն անհայտ են մնացել։ Ավելին՝ անպատժելիության մթնոլորտն անխախտ պահելու և ապօրինությունների մասին տեղեկությունների հանրայնացումը խոչընդոտելու նպատակով Տարոն Մարգարյանի կողմից ակնհայտորեն ձեռնարկվել են համապատասխան քայլեր: Մասնավորապես, նրա ցանկությամբ ԱԺ-ն փոփոխել է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը, որի արդյունքում սահմանափակվել է քաղաքացիների մասնակցությունը ավագանու նիստերին, իսկ լրագրողների մուտքը նիստերի դահլիճ պարզապես արգելվել է՝ նվազեցնելով տեղական ինքնակառավարման մարմնի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:
Պահանջելով Տարոն Մարգարյանի հրաժարականը և Երևանի ավագանու արձակումը՝ Հայաստանի բոլոր բնակիչներին հորդորդում ենք իրենց բնակավայրերում գնահատել իրավիճակը և պահանջել այն տեղական իշխանությունների հրաժարականները, որոնք ձևավորվել են ընտրակեղծարարությամբ, կոռումպացված են, ծավալում են ապօրինի գործունեություն և չեն ներկայացնում համայնքի շահերը։ Կոչ ենք անում հետամուտ լինել իրականացրած բոլոր հանցագործությունների և օրինախախտումների՝ հանրային պատշաճ հետաքննությանը: Միայն համատեղ ջանքերի շնորհիվ է հնարավոր արմատախիլ անել տարիներով իշխանությունը բռնազավթած հանցավոր համակարգը»։