Հրաժարական տալու որոշումը վերջնական չէ, հոկտեմբերի 8-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանական սցենարներին։
«Փարիզում իմ գտնվելու ընթացքում որոշակի իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք անպայման մենք հաշվի կառնենք, մասնավորապես՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը։ Ես Փարիզում էի, երբ նա հարցազրույց տվեց և, ըստ էության, պաշտպանեց դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը։ Ես պատրաստվում եմ այդ հարցազրույցի արդյունքներով հանդիպել նաև պարոն Ծառուկյանի հետ, որպեսզի մենք իրավիճակը և հանգուցալուծման սցենարների վերաբերյալ պատկերացումները քննարկենք։
Կարծում եմ, դաշնակցության հետ ևս կլինի հանդիպում, որովհետև Փարիզում գտնվելու ընթացքում որոշակի շփումներ են եղել նաև Դաշնակցության սփյուռքի կառույցների ներկայացուցիչների հետ և կարծում եմ, որ կլինի քննարկում», – ասել է վարչապետը՝ շեշտելով, որ հանրային մեծ դժգոհություն կա հրաժարականի հետ կապված․
«Տեսնում եմ, որ շատ մեծ հանրային դժգոհություն կա դրա կապակցությամբ, ես չեմ ուզում, որ մենք նմանվենք այն իշխանություններին, որին երկար տարիներ հանրությունը պահանջում է հրաժարական տալ և նրանք համառորեն հրաժարական չեն տալիս, հիմա էլ, եթե հանրությունը պահանջում է հրաժարական չտալ և իշխանությունը համառորեն հրաժարական է տալիս»։
Այս հայտարարությունից մի քանի ժամ հետո «Ազատությանը» տված հարցազրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը ասել է, որ ամբողջությամբ աջակցում է Նիկոլ Փաշինյանին․ «Անկախ կուսակցական և քաղաքական պատկանելիությունից և դիրքորոշումների տարբերություններից մի կարևոր սկզբունք կա։ Այսօր կա իշխանություն։ Եթե այդ իշխանությունը ձախողեց, ձախողում է ամբողջ երկիրը, ձախողում է մեզնից յուրաքանչյուրը և յուրաքանչյուրիս երեխայի ապագան։ Հետևաբար ես չեմ կարծում, որ որևէ մեկը որևէ ձևով կխոչընդոտի կամ պետք է խոչընդոտի ներկայիս իշխանության գործունեությանը, ընդհակառակը՝ ցանկացած ողջամիտ մարդ պետք է օժանդակի այսօրվա իշխանությանը և այսօրվա կառավարությանը, որովհետև դա է երկրի առաջընթացի երաշխիքը։ Իսկ մեր խնդիրը, ես չեմ կարծում, կամ որևէ մեկի խնդիրը նեղ-կուսակցական կամ նեղ-անձնական, կամ նեղ-քաղաքական շահերն են։ Բոլորի մտահոգությունը՝ իմը հատկապես և մասնավորապես, երկրի ճակատագրին է վերաբերում։
Կա հասարակական լայն կոնսոլիդացիա հենց Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ և դա նշանակում է՝ այսօրվա իշխանությունը և կոնկրետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ, ունի ժողովրդական և հանրային աջակցության այն մակարդակը, որը կարիք ունի օժանդակելու նաև իրավական հարթության մեջ»։
Կոստանյանը նաև շեշտել է, որ եթե այս պայմաններում վարչապետի հրաժարականի դեպքում որևէ քաղաքական ուժ առաջադրի վարչապետի իր թեկնածուին, դա քաղաքական և հասարակական լուրջ ռեզոնանս կառաջացնի․ «Եթե կա որևէ վարչապետի թեկնածու, որը ունի առնվազն կամ ավելին հասարակական նման կոնսոլիդացիայի հիմք, մենք կարող ենք քննարկել, բայց ես չեմ տեսնում։ Եվ հետևաբար ես կարծում եմ, որ որևէ ձևով այս ընթացքում վարչապետի թեկնածու առաջադրելը՝ այս իրադրության պայմաններում, կարող է արհեստածին լինել և ըստ էության խոչընդոտել, որովհետև եթե չկա հանրային կոնսոլիդացիա, դա մեխանիկորեն կհանգեցնի արհեստականության, իսկ արհեստական որևէ բանի ես երբեք կողմակից չեմ։
Նիկոլ Փաշինյանը, ինչքանով ես էս ընթացում տեսա, համոզվեցի, նախկինում էլ իրան ճանաչել եմ, ազնիվ ա իր նպատակների մեջ, ազնիվ ա իր ցանկությունների մեջ։ Ինձ համար սա չափազանց կարևոր նշանակություն ունի։ Եվ ազնիվ ա իր քաղաքական ուղղվածության մեջ, որը ինձ համար ընդունելի է անձնապես։ Եթե ես գտնում եմ, որ և՛ նպատակների, և՛ ցանկությունների, և՛ գործողությունների հաջորդականության մեջ կա էդ ազնվությունը և երկրի բարօրությանն ուղված ա իրականացվում, ես միշտ կկանգնեմ իրա կողքին, ցանկացած պահի»։
Մեկ այլ հայտարարություն այսօր՝ հոկտեմբերի 8֊ին, արել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը՝ նշելով, որ դե ֆակտո դադարեցրել է իր գործունեությունը խմբակցությունում և հնարավոր է, որ այլևս խորհրդարան չգնա։ Առաջիկայում նա պատրաստվում է խմբակցությունը լքելու մասին հայտարարություն անել։
ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ գործարար, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կողմ է արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն․ «Հաշվի առնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը, հայտարարում եմ, որ կողմ եմ Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին։ Համոզված եմ, որ ինձ հետ կհամաձայնվեն Շիրակի մարզի իմ ընտրողների ճնշող մեծամասնությունը»։
ԱԺ նախկին պատգամավոր, գյումրեցի Մարտուն Գրիգորյանը, ով 2017 թվականի ԱԺ ընտրություններին մասնակցում էր ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով, սակայն, ձայներով զիջելով Ֆելիքս Ցոլակյանին, չէր ընդգրկվել խորհրդարանում, այսօր aravot.am-ի այն հարցին, թե Ֆելիքս Ցոլակյանի՝ արտակարգ իրավիճակների նախարար դառնալուց հետո պատրաստվո՞ւմ է վերցնել մանդատը, նշել է․«Միանշանակ վերցնելու եմ, իմ օգտին քվեարկել են մոտ 11.000 շիրակցի: Ես մեծ պատասխանատվություն եմ զգում իմ ընտրողների առջև թեկուզ 1 օր կամ 2 ամիս՝ մինչև դեկտեմբեր: Դա էական չէ, որքան ժամանակ է մնացել: Այս մանդատը ինձանից առաջ եղել է Ֆելիքս Ցոլակյանի մոտ՝ շատ տեղին ծառայեցվել է ժողովրդի համար: Չնայած, որ հանրապետականի ռեյտինգայինով մանդատ է, բայց առաջինն էր, որ ծառայեց ժողովրդին: Ֆելիքս Ցոլակյանից ինձ անցած մանդատը, անկասկած, կշարունակի ծառայել ժողովրդին: Ինձանից կախված ամեն ինչ անելու եմ, որպեսզի ժողովուրդը ապրի մեր երազած հայրենիքում»։
Այս հայտարարություններից հետո վարչապետ Նիրկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ մասնավորապես հորդորելով․ «Սիրելի հայրենակիցներ. անհրաժեշտ է քաջալերել և ոչ թե մեղադրել այն պատգամավորներին, ովքեր հանդես են գալիս գործող ԱԺ-ն լուծարելու եւ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին:
Նրանք, ըստ էության, կատարում են ձեր պահանջը։ Քաջալերենք բոլոր նրանց, ովքեր ընդունում են, որ չկա ոչինչ ավելի բարձր՝ քան ժողովրդի կամքը»։