Home / Բնապահպանություն / Դատախազությունը հասկացավ, որ 184 փոքր ՀԷԿ-երից 143-ը տարիներ շարունակ ակնառու խախտումներով են աշխատել

Դատախազությունը հասկացավ, որ 184 փոքր ՀԷԿ-երից 143-ը տարիներ շարունակ ակնառու խախտումներով են աշխատել

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում
ուսումնասիրվել է Հայաստանի տարածքում գործող փոքր հիդրոէլեկտրակայանների
շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ՀԵՑ առաքման
գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Ուսումնասիրության
արդյունքներով գլխավոր դատախազի կողմից հաղորդում է ներկայացվել վարչապետին:

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է․ «Վարչապետի 2018թ․ սեպտեմբերի 5-ի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից իրականացված ուսումնասիրությունների, ստուգումների և հսկողական գործառույթների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի տարածքում շահագործվող ընդհանուր 184 փոքր ՀԷԿ-երից (որոնցից 147-ի շահագործման լիցենզիան տրվել է մինչև 2014թ.-ը) 143-ում բացակայել են ջրաչափական սարքերը, ինչը հակասել է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պահանջներին:

Որոշ դեպքերում փոքր ՀԷԿ-երում չեն պահպանվել բնապահպանական թողքերի ծավալները՝ մի քանի անգամ խախտելով թույլատրված չափաքանակները, ինչպես նաև գետի հունում բացակայել են ձկնապաշտպան կառույցները և ձկնանցարանները, իսկ առկայության դեպքում, չեն ծառայել իրենց նպատակներին:

Արձանագրվել են նաև ջրօգտագործման թույլտվություններով տրված ջրառի չափաքանակների բազմակի անգամ գերազանցման փաստեր:

Պարզվել է, որ լիազոր մարմնի` ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձիք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, տարիներ շարունակ միջոցներ չեն ձեռնարկել Հայաստանի տարածքում շահագործվող շուրջ 143 փոքր ՀԷԿ-երում ջրօգտագործման հաշվառման արդի տեխնոլոգիաների` սարքերի և սարքավորումների ներդրման հետ կապված խախտումների հայտնաբերման, արձանագրման, խախտումների դեպքում օգտագործման թույլատվության կասեցման կամ չեղյալ համարելու, ինչպես նաև ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 63.2 հոդվածով (ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելը) նախատեսված տուգանքը` շուրջ 29.000.000 դրամ նշանակելու և գանձելու ուղղությամբ: Դրա հետևանքով էական
վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացրել ծանր հետևանքներ:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակել են հանցագործության հատկանիշներ՝ գլխավոր դատախազության պետական շահերի
պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ
մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը հանձնարարվել է քննչական կոմիտեին: