Home / Բանակ / Երդման արարողություն Ղարաբաղում

Երդման արարողություն Ղարաբաղում

Ձմեռային զորակոչի ժամանակ խմբագրություն զանգեց ու եկավ Արագածոտնի մարզի բնակիչ, ում փոքր որդին գտնվում էր Չարբախի հավաքակայանում։

Մեկ տարի առաջ նա մենինգիտ էր տարել, հիվանդանոցում լինելու ժամանակ մի քանի օր անգիտակից է եղել, կտրուկ վատացել էր տեսողությունը՝ «պատ է պատ էր տալիս»։ ԴՈՍԱԱՖ-ից, որտեղ սովորում էր, հիվանդանալուց հետո հանեցին, զրկեցին վարորդական իրավունքներից։ Էպիկրիզի մեջ նշված է, որ պետք է նյարդաբանի հսկողության տակ լինի՝ մենինգիտը լուրջ հետևանքներ է ունենում։ Բժիշկները մեկ տարով տարկետում էին տվել տղային։

Ինքը՝ զորակոչիկը, արգելում էր տանեցիներին բարձրաձայնել իր տարած հիվանդության մասին՝ գյուղական համայնքներում «ոչ պիտանի»-ի թեմաներով պիտակները արագ են կպնում։ Երիտասարդը «խայտառակությունից» խուսափելու համար գնում է ուղեգրի հետևից՝ հրաժարվերով լրացուցիչ բուժզննումներից։ Հայրը ևս դեմ չէ ծառայելուն, բայց զուգահեռաբար փորձում էր համոզել զինկոմին, որ շատ հեռու չտանեն երեխային, չծանրաբեռնեն ֆիզիկապես և ուշադիր լինեն առողջությանը։ Մեծ եղբայրը Քելբաջարում էր ծառայել։

Զինկոմը խոստանում է, որ 100-150 կիլոմետրից հեռու չեն տանի և ավելի մեղմ ռեժիմով կծառայեցնեն, բայց զորակոչիկների հավաքակայանում պարզվեց, որ երիտասարդին Ղարաբաղ են տանելու։

– Դուք ուզում եք հարցազրո՞ւյց տաք էս թեմայով։
– Ես ուզում եմ, որ երեխան չվատանա։ Թող ծառայի՝ բան չունեմ ասելու, բայց վիճակը շատ վատ է լինում։ Հաճախ է ներվայնանում։ Առավոտ զանգեց, ասեց՝ տանում են Ղարաբաղ։
– Մենք կարանք գրենք սրա մասին, բայց վստահ չեմ, որ կօգնի՝ մանավանդ եթե Ղարաբաղ տանեն։
– Չէ, իրանց ջղայնացնել պետք չի։ Մենակ թե երեխան չվատանա։

Զանգեցինք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբանին, ով խորհուրդ տվեց հավաքել բոլոր բժշկական թղթերը, զինկոմից ուզել բուժզննումների եզրակացությունների պատճենները։ Իսկ մինչ այդ՝ քանի դեռ տղային չեն տարել, ասել զորակոչիկին, որ հենց հավաքակայանում դիմի բժշկական հանձնաժողովին՝ լրացուցիչ հետազոտման համար։

Հայրը խնդրեց, որ խմբագրությունից մեկը զանգի, քանի որ որդին իր հետ կռիվ է անում։ Լրագրողը զանգեց զորակոչիկին, ներկայացավ, փոխանցեց փաստաբանի ասածը։ Տղան զայրացած խնդրեց էլ չզանգել և հեռախոսը փոխանցել պապային, ում վրա գոռաց և անջատեց։ «Ասեց, ինչի ես գնացել՝ ինձ խայտառակ ես անում, ես ավտոբուսում եմ, գնում եմ Ղարաբաղ», – փոխանցեց հայրը։

Երիտասարդը ծառայում է ընդհանուր ռեժիմով։ Առաջին օրերից հաճախ վատանում է, տառապում է գլխացավերից։ Մինչև երդումը երկու անգամ տարել են Ջեբրայիլի հոսպիտալ, մեկ անգամ՝ Ստեփանակերտ։

Ծնողները պատրաստվում էին մեկնել երդման արարողությանը, էժան տաքսի գտան 45 հազար դրամով։ Գիշերով պետք էր գնալ, որ առավոտյան տեղում լինել։ Մենք էլ գնացինք։ Ճանապարհին ձյուն, անձրև և համարյա անընդհատ մառախուղ։ Ծնողները 12 ժամում տեղ հասան, մենք՝ 10, քանի որ Երևանից էինք գնում։ Այդ այցելությունները միջինում մոտ 150 հազար դրամ են նստում ընտանիքների վրա։

Երդման տեքստը երկու լեզվով էր։ Երկրորդը, ինչպես բացատրեցին, Ռուսաստանից ծառայության եկածների համար էր, և տարբերվում էր հայերենից․ «ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում»-ը դարձել էր «вступая в ряды вооруженных сил Нагорно-Карабахской Республики»։

Երդման արարողության ժամանակ մոտեցանք գնդի հրամանատարին։ Հայրը պատմեց որդու հիվանդության հետևանքների մասին, խնդրեց ուշադիր լինել։ Գնդապետը կանչեց սպաներից մեկին և զինվորի անունը գրել տվեց։

Արարողությունից հետո մարդկանց զինվորախառը ամբոխը գնում է հաց ուտելու։ Գյուղաքաղաքի կենտրոնում դրա համար օբյեկտներ կան՝ 1000 դրամ մեկ մարդու համար։ Այնտեղ խորովում են միսը, աթոռներ, սեղաններ, սպասք են տրամադրում, տաքացնում են բերած ուտելիքները։

Ծանոթացանք ևս մեկ ընտանիքի հետ, որում տղան օրենքով կարող էր չծառայել․ ընտանիքի խնամակալն է, միայնակ մայրը երրորդ կարգի հաշմանդամ է հենաշարժողական խնդիրներով, եղբայրը՝ անչափահաս։

Երբ սրճում էինք, գետնին ընկավ մոխրամանը։ Բեկորները հավաքելուց նորաթուխ զինվորներից մեկը նկատեց․ «Հիմա չաստում ըլներ՝ թեմա էր»։