Ավելի քան հարյուր երիտասարդներ վերջին օրերի ընթացքում օկուպացրել են Բաքվի կենտրոնում գտնվող հին շենքերից մեկը, որտեղ 2019 թ․ սկզբից գործում է ինքնակազմակերպ Salaam Cinema կինոթատրոնը, և ի հակառակ սեփականատիրոջ պահանջների, հրաժարվում են այն լքել։
Salaam Cinema կինոթատրոնի կազմակերպիչներին, ովքեր նախաձեռնել էին մայիսի 2-ից սկսած բողոքի ցույցերը, վերջին օրերին միանում են այլ երիտասարդական խմբեր։ Բողոքողների հիմնական պահանջներն են՝ տրամադրել գրավոր երաշխիքներ առ այն, որ շենքը չի քանդվի, իրականացնել անկախ փորձաքննություն՝ շինության ընդհանուր վիճակի և վթարայնության աստիճանի գնահատման համար, նաև՝ պաշտոնապես ճանաչել շենքն իբրև պատմական ժառանգույթան և ներառել այն պետության կողմից պաշտպանության ենթակա շինությունների ցանկում։
Շենքի շուրջօրյա օկուպացիան, կազմակերպիչների ու մասնակիցների խոսքով, կշարունակվի մինչև ձևակերպված պահանջները չլինեն բավարարված։
Շենքը, որի պահպանության համար պայքարում են երիտասարդները, կառուցվել է 1913 թ․։ Նախասովետական շրջանում այն ծառայել է որպես աղոթարան տեղի մոլոկանների համար, հետագայում՝ հեղափոխությունից հետո, փոխանցվել է Կապի նախարարությանը․ սկզբում այնտեղ Ռադիոյի տունն էր, ավելի ուշ՝ նախարարության պահեստները։ Խորհրդային միության փլուզումից հետո շենքը լքված վիճակում է եղել, մի քանի տարի առաջ՝ անհայտ պայմաններում, վաճառվել է և դարձել մասնավոր սեփականություն։
Salaam Cinema ինքնակազմակերպ կինոթատրոնն այնտեղ գործում է 2019 թ․ սկզբից։ Կինոթատրոնը պարբերական կինոդիտումներ կազմակերպելուց բացի, ծառայել է որպես հավաքատեղի տարբեր մշակութային խմբերի համար․ Salaam Cinema-ում գործում են արհեստանոցներ, կազմակերպվում են սեմինարներ, քննարկումներ, ցուցահանդեսներ։ Տարածքում գործում է նաև մոլոկանների համայնքին նվիրված փոքրիկ ցուցասրահ։
Երիտասարդների խոսքով, կասկածներն առ այն, որ շենքը սեփականատիրոջ որոշմամբ հետագայում կարող է քանդվել, եղել են ի սկզբանե։ Կինոթատրոնի նախաձեռնող խումբը արտաքին վերանորոգումից բացի «Պելլե» երիտասարդ ճարտարապետների միավորման օգնությամբ մասնակի վերականգնողական աշխատանքներ է իրականացրել՝ հետագայում շենքի քանդման հավանական գործընթացը կասեցնելու հեռանկարով։
Salaam Cinema-ի և սեփականատիրոջ միջև «բախումները» համընկել են կինոթատրոնում անցկացվող Imagine միջազգային փառատոնի հետ։
Սեփականատերն առաջին անգամ կինոթատրոն է եկել մայիսի 2-ին՝ փառատոնի մեկնարկից մեկ օր անց, և պահանջել անհապաղ ազատել տարածքը։ Կինոթատրոնի և իբրև սեփականատիրոջ ներկայացուցիչ ներկայացած անձի միջև մինչ այդ կնքված պայմանագրերը և բանավոր պայմանավորվածությունները հայտարարվել են անօրինական։ Շենքի վթարայնության մասին անապացույց հայտարարությունների վրա հիմնվելով, սեփականատերը հայտարարել է, որ այն ենթակա է քանդման։ Նույն օրը եկել են բանվորներ, ովքեր տեղում փորձել են ապամոնտաժել ներսի աստիճանները։ Կինոթատրոնում այդ պահին ներկաները նստացույց են սկսել և հայտարարել, որ տարածքից չեն հեռանա և թույլ չեն տա սկսել քանդման աշխատանքները։
Սոցցանցերում բարձրացված աղմուկի արդյունքում նստացույցին միացել են այլ երիտասարդներ, եկել են լրագրողներ։ Արդյունքում՝ կողմերը համաձայնել են հետաձգել բանակցությունները մինչև փառատոնի ավարտը։ Հետագայում՝ սեփականատիրոջ կազմակերպած որոշ սանդրանքներից հետո, կինոթատրոնում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն, իսկ սոցիալական ցանցերում մեկնարկել է շենքի պահպանությանն ուղված մեդիա-արշավը։
Կոնֆլիկտը սրացել է մայիսի վեցին․ սեփականատերը՝ գործադիր իշխանության ներկայացուցիչների և ոստիկանության աշխատակիցների հետ միասին միջացառման կեսից ներխուժել է կինոթատրոն, պահանջել անհապաղ ազատել այն, վնասել գույքը, հարվածել երիտասարդներից մի քանիսին և վիրավորել կանանց։ Ոստիկանության աշխատակիցները նրան դուրս են հրավիրել։ Միջադեպից հետո ցուցարարների թիվը կրկնապատկվել է․ ցուցարարները հայտարարել են շուրջօրյա օկուպացիայի մասին և ձևակերպել պահանջները:
Նախաձեռնող խումբն ի սկզբանե խուսափել է դիմադրության գործողութուններին ցանկացած քաղաքական ենթատեքստ հաղորդելուց՝ բազմիցս ընդգծելով, որ պայքարն ուղղված է բացառապես շենքի պահպանությանը։
Մայիսի վեցի դեպքերից հետո, սակայն, ի հայտ են եկել որոշ հակասություններ․ ցուցարարներին միացած ակտիվիստների քաղաքական օրակարգի ձևավորման փորձերը կասեցվել են գրեթե անմիջապես։
Նախաձեռնող խումբը մայիսի վեցին որոշում է կայացրել խնդրագրով դիմել հանրապետության առաջին տիկին ու առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային։ Ալիևային դիմելու նախաձեռնությունը ցուցարարների մի մասի շրջանում դժգոհություն է առաջացրել: Որոշմանը ընդդիմացողները հիշեցրել են առաջին տիկնոջը պատկանող 4 Seasons հյուրանոցի մասին, որը կառուցվել է Հին քաղաքում՝ մի քանի պատմական շենքերի և միջնադարյան ամրոցի հատվածի քանդման արդյունքում, և ըդգծել, որ Ալիևայի հավանական միջնորդությունը կարող է պայմանավորված լինել բացառապես նրանով, որ շենքի սեփականատերը պաշտոնյա չէ և չունի էական կապեր իշխանության հետ․ «Այս պայմաններում առաջին տիկնոջ միջնորդությամբ շենքի քանդման կասեցումը, գուցե, հաղթանակ է ձևակերպված նպատակի շրջանակներում, սակայն բացահայտ պարտություն է քաղաքական տեսանկյունից»։
Մայիսի վեցին ցույցերին միացել էին նաև նախկին քաղբանտարկյալներ Բայրամ Մամեդովը և Գիյաս Իբրագիմովը։ Ակտիվիստների՝ ցույցերին քաղաքական բովանդակություն հաղորդելու ջանքերը արժանացել են դիմադրության։ Նախաձեռնող կորիզը հիշեցրել է, որ պայքարը ուղղված չէ կառավարության կամ գործող քաղաքական վերնախավի դեմ և բաց է բոլոր նրանց համար, ովքեր դեմ են շենքի քանդմանը՝ ներառյալ պետական պաշտոնյաների և իշխող կուսակցության ներկայացուցիչների։ Առավել արմատական տրամադրված ակտիվիստները տարածքից հեռացել են։
Salaam Cinema-ի ֆեյսբուքյան խմբի հաղորդման համաձայն, երեկ երեկոյան պետական հեռուստաալիքները առաջին անգամ լուսաբանել են բողոքի ցույցերը։ Ավելի ուշ խնդրագրին արձագանքել է Մեհրիբան Ալիևայն՝ հավաստիացնելով, որ իրավիճակը գտնվում է պետության վերահսկողության ներքո, իսկ մշակութային ժառանգության պաշտպանությամբ զբաղվող կառույցները կձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները՝ շենքը պահպանելու համար։ «Մեր երկիրը, մեր քաղաքը անհրաժեշտ է պաշտպանել հարազատ տան՝ մեր ընդհանուր տան պես» – ասել է առաջին տիկինը։
լուսանկարները՝ Salaam Cinema Baku ֆեյսբուքի էջից