2017 թ. Լևոն Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանի մասին ասել է, որ «Ծառուկյան ֆենոմենը քաղաքագիտական կատեգորիաներով բացատրելի չի: Վերջ, ժողովուրդը ընդունում է էդ մարդուն և վերջ»: Ծառուկյան ֆենոմենը անբացատրելի չէ և, հակառակը, լավ էլ բացատրելի է: Ծառուկյանն էլ շատ ռացիոնալ ու հաշվենկատ է իր քայլերում: Ծառուկյանը թերևս միակն է, որ սոցիալական խոցելի խմբերին անընդհատ պահում է իր թիրախում:
Մարդիկ գյուղերում հստակ աջակցություն են ստանում Ծառուկյանից՝ աշնանացանին, գարնանացանին, բերքահավաքին, տրանսպորտի, ձրի հյուրասիությունների և այլնի տեսքով, փոխարենը նրան քաղաքական աջակցություն են հայտնում: Ծառուկյանի բարեգործությունների թիրախում հենց սոցիալական խոցելի խմբերն են, նրանց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը այլ կերպ «համբալներ» է կոչում: Ծառուկյանը չի տառապում բուրժուական կոմպլեքսներով, նա հասկանում է, որ քանակական առումով իր համար ոչինչ է մի քանի հազարանոց օսլայած բուրժուազիան, դրա համար էլ նա չի վատնում իր միջոցները այս ընտրախավի վրա:
Ավելի չնչին միջոցներ ծախսելով մեծաքանակ աղքատների վրա, նա ձեռք է բերում ընտրողների մեծ խմբեր: Թեև վերջին անգամ նրա ձայները պակասեցին, բայց Ծառուկյանը չի ընկճվել և չի փոխել իր գիծը Թավշյայից հետո. նա շրջում է գյուղերում, ճաշկերույթ տալիս մարդկանց, խոստանում դպրոց ու մարզասրահ սարքել: Սոցիալական այսօրվա քաղաքականությունը եթե չվերանայվի հիմնապես, Ծառուկյանը դառնալու է լեգիտիմ ուժ՝ հրապարակներում հարյուր հազարավորների հավաքելով իր՝ ժողովրդի հետ, ժողովրդի համար դրոշի տակ և ինչպես ինքն է ակնարկում, ի վերջո, համալրելու է իշխանություն վերցրած խոշոր սեփականատերերի շարքը:
Գայանե Այվազյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ