Հունիսի 12-ին Մոսկվայում քրեական գործերի կեղծման և քաղաքական հետապնդումների դեմ չարտոնված երթի ընթացքում ավելի քան 420 ցուցարարներ, երթը լուսաբանող լրագրողներ և ուղղակի անցորդներ բերման են ենթարկվել։ Նրանցից շատերի նկատմամբ բռնություն է գործադրվել: Իրավապաշտպանների հաղորդմամբ, ոստիկանության բաժանմունքներից որոշները փակել են դռները փաստաբանների առջև, ցուցարարներին պարտադրել են մատնահետք հանձնել, հրաժարվողներին սպառնացել են պահել բաժնում 48 ժամ: Բերման ենթարկված լրագրողների մի մասին ազատ են արձակել երեք ժամվա ընթացքում՝ առանց արձանագրության: Ոստիկանության մի շարք բաժիններից մարդկանց սկսել են բաց թողնել 19:00-ից հետո։ Ձերբակալվածների զգալի մասը, նաև՝ լրագրողները, մինչ այժմ գտնվում են ոստիկանությունուն։ Բերման ենթարկվածների շարքում է նաև ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին․ նրան «տարել են» գրեթե անմիջապես։ Նավալնիի մամուլի խոսնակ Կիրա Յարմիշի հաղորդմամբ՝ նրան վերագրում են երկրորդվող իրավախախտում՝ չարտոնված ցույցին մասնակցելու համար, և սպառնում են մինչև 30 օր կալանավորմամբ։
Հիշեցնենք, որ բողքի երթի մասին նախաձեռնող խումբը հայտարարել էր մի քանի օր առաջ։ Նախատեսվում էր, որ երթը լինելու է ի աջակցություն «Մեդուզա» ինտերնետային թերթի հետաքննող լրագրող Իվան Գոլունովի, ով ձերբակալվել էր հունիսի 6-ին՝ թմրանյութերի իրացման՝ «ժողովրդական» համարվող հոդվածով, որը հաճախ ծառայում է իբրև իրավական աստառ քաղաքական հետապնդումների համար։ Կասկածելի և իրարամերժ հիմնավորումներ ունեցող քրեական հետապնդումը Գոլունովը և նրա գործընկերները կապում էին հուղարկավորության բիզնեսի մասին հետաքննության հետ, որի պատճառով վերջին ամսվա ընթացքում Գոլունովը պարբերաբար սպառնալիքներ էր ստանում։ 2018 թվականին «Մեդուզա»-ն հրապարակել էր նրա հեղինակած հետաքննության առաջին մասը՝ «Դագաղ, գերեզմանոց, հարյուրավոր միլիարդ ռուբլիներ․ ինչպես են պաշտոնյաները, ուժայիններն ու բանդիտները կիսում հուղարկավորության շուկան և ինչ կապ ունի սրա հետ Տեսակը», այժմ Գոլունովը աշխատում էր հետաքննության երկրորդ մասի վրա։
Հասարականան աննախադեպ մեծ մոբիլիզացիայի և ճնշման արդյունքում սկզբում փոխեցին Գոլունովի խափանման միջոցը (2 ամիս տնային կալանք՝ կալանավորման փոխարեն), այնուհետև՝ հուլիսի 11-ին, կարճեցին քրեական գործը։ Ավելին՝ Ներքին գործերի(ՆԳՆ) նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը դիմեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետին և Մոսկվայի ՆԳՆ համապատասխան բաժնի պետին գործից ազատելու համար։ Ռուսաստանի քննչական կոմիտեն վարույթ սկսեց՝ Գոլունովին ձերբակալած ոստիկանների գործողությունների իրավաչափությունը ստուգելու նպատակով, իսկ քրգործի հետ առնչություն ունեցող ոստիկանության բոլոր աշխատակիցները ազատվեցին աշխատանքից՝ մինչև վարույթի ավարտը։ Գործի այսպիսի հանգուցալուծումը ռուսաստանյան մամուլում և սոցցանցերում ներկայացվում էր իբրև աննախադեպ հաղթանակ։
Գոլունովի գործի շուրջ աղմուկը և մեծածավալ հանրային մոբիլիզացիան տարածություն բացեցին ավելի լայն խոսակցության համար՝ քրեական գործերի կեղծման, քաղաքական հետապնդումների և մասնավորապես՝ թմրամիջոցների շրաջանառության մասին Ռուսաստանի քրեական օրենսգրքի հայտնի 228 հոդվածի դեկրիմինալիզացման անհրաժեշտության շուրջ։ Հունիսի 12-ի ակցիայի նախաձեռնող խումբը որոշեց չչեղարկել երթը, թեև Գոլունովին ազատելու հիմնական պահանջը այլևս ակտուալ չէր։ Երթի նախաձեռնողներից մեկը՝ լրագրող Եվգենիյ Բերգը երեկ՝ հունիսի 11-ին, ֆեյսբուքում գրառում կատարեց՝ նախազգուշացնելով, որ իրենց խումբը վայր է դնում նախաձեռնողի լիազորությունները․ «Մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի կոմպրոմիսի գանք և կարողանանք հունիսի 12-ին ապահովել անվտանգությունը։ Սակայն քաղաքապետարանի ներկայացուցիչները մեզ հասկացրեցին, որ չի կարող լինել ոչ երթուղու շտկում, ոչ երթի արտոնում։ Այս կապակցությամբ մենք վայր ենք դնում ակցիայի նախաձեռնողի մեր լիազորությունները և անկարելի ենք համարում կոչ անել ձեզ վաղը դուրս գալ ցույցի։ Ուրեմն՝ յուրաքանչյուրը թող ինքը որոշի»։