Ես շատ սկեպտիկ եմ վերաբերվում ինչպես չրագործությամբ ու մեղվաբուծությամբ, այնպես էլ տուրիզմով տնտեսություն զարգացնելու ՀՀ դոկտրիններին: Սրանք հռչակվել են որպես գերակա տնտեսական ուղղություններ դեռևս 90-ականների վերջից և շարունակում են ակտուալ լինել մինչ օրս: Քսան տարում այս նախապատիվ ոլորտները ոչ մի տեղ էլ չտարան տնտեսությունը և հասարակությունը: Հիմա պետք է տանե՞ն, որովհետև Սաշիկ չկա, Քոչարյանն էլ բանտում է: Կարելի է, իհարկե, ևս մի քսան տարի էլ վատնել հասկանալու համար, որ Սաշիկի հեռացումը դեռևս ոչինչ է տնտեսական զարգացման հասնելու համար: Հայաստանի երրորդ հանրապետությունը ստեղծման օրվանից ի վեր չունի իր հնարավորությունների սահմաններում առավելագույնս իրագործելի և արդյունավետ տնտեսական ծրագիր. սաշիկներն ու մաշիկները ընդամենը սրա հետևանքն են: Աշխարհը շատ վաղուց է թևակոխել ինդուստրիալ հեղափոխության փուլը, այնքան վաղուց, որ նույնիսկ ամոթ է դարը նշել ձեռքով վերամշակվող բնամթերային մեր տնտեսության առաջնահերթությունների կողքին: Հայաստանը տուրիստական մեծ կենտրոն տեսնելու համոզմունքն էլ փակ երկրի սինդրոմ է: Աշխարհում իսկապես տուրիստական խոշոր կենտրոններ կան. դրանց հետ չի կարելի մրցել ավիրված բնությամբ, հիմնականում աղքատիկ և տափակ թանգարաններով և միայն տուրիստին կլպելու ու փոխարենը ոչինչ տալու գծծի ինֆրաստրուկտուրաներով և տուրիստական ագենտուրայով:
P.S. Այնուամենայնիվ, խելքը լավագույն կապիտալն է: Իսկ այն ձեռք բերելու համար հայաստանյան հասարակությունը ազատագրության և կրթության կարիք ունի:
Գայանե Այվազյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ