Կառավարությունն ընդունել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը:
Կարգելվի ծխախոտի օգտագործումը «փակ» տարածքներում և աստիճանաբար նաև կիսափակ տարածքներում: Որոշակի սահմանափակումներ նախատեսված են նաև հանրային տրանսպորոտում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական, մշակութային, կրթական հաստատություններում, որոշակի կարգավորումներ են նախատեսվել նաև ծխախոտի վաճառքի և ծխախոտային ապրանքատեսակների առաջխաղացման և գովազդի սահմանափակման ուղղությամբ:
Նախարար Արսեն Թորոսյանն իր ելույթում ընդգծել է, թե որքան բացասական ազդեցություն է թողնում ծխելը մարդկանց առողջության վրա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտարարել է, որ կառավարության անդամների 80 տոկոսը, մարզպետների 100 տոկոսը չեն ծխում, ինչը կարևոր ցուցանիշ է:
Հայաստանում ծխախոտի օգտագործումը և դրա պատճառով առաջացած հիվանդությունների ու մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական, սոցիալական և տնտեսական լուրջ հիմնախնդիրներ են ստեղծում: Ըստ 2016-2017թթ. ԱՀԿ STEP մեթոդաբանությամբ իրականացված հետազոտության տվյալների` Հայաստանի բնակչության 28%-ը ծխում է, որոնցից գրեթե բոլորն էլ ծխախոտ ամեն օր օգտագործում են:
Ներկայումս ծխում են չափահաս տղամարդկանց 52%-ը, իսկ կանանց՝ 2%-ը: 17-ամյա դեռահասների յուրաքանչյուր չորրորդը կանոնավոր ծխող է: Արձանագրվել է, որ հղի կանանց ավելի քան 70%-ն ամեն օր ենթարկվում է երկրորդային ծխի ազդեցությանը:
Հայաստանը բնութագրվում է «Ոչ վարակիչ հիվանդությունների» (ՈՎՀ) բարձր բեռով: ՈՎՀ-ին վերագրելի է քաղցկեղի տարբեր ձևերը, (առավել հաճախ թոքի, բերանի խոռոչի, կոկորդի, կերակրափողի, ստամոսքի, շագանակագեղձի, երիկամի, միզապարկի և կրծքի), սրտի իշեմիկ հիվանդության, կաթվածը և այլն, արյան շրջանառության համակարգի հիվանդություները, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, դիաբետը, կատարակտը, մոկուլյար դեգեներացիան և ռևմատոիդային արթրիտը:
Մեր երկրում ամեն տարի գրանցվում է սրտանոթային հիվանդությունների շուրջ 55 000 նոր դեպք, որոնց առաջացման հիմնական պատճառներից մեկը ծխելն է: Հակածխախոտային քաղաքականության փաթեթի ներդրման արդյունքում` 15 տարվա կտրվածքով կփրկվեն մոտ 7000 կյանքեր, կբարելավվեն բնակչության առողջության ցուցանիշները, քանի որ կկանխվեն քաղցկեղի, կաթվածի և սրտի իշեմիկ հիվանդությունների հազարավոր դեպքեր: