Ամուլսարի խնդրի հետ կապված ուզում եմ ձևակերպել իմ և կառավարության ընդհանրական դիրքորոշումը։ Մենք ի՞նչ ենք ասում։ Ասում ենք, որ այս հարցում մենք պետք է մինչև վերջ գնանք ճշմարտության հետևից։ Ճշմարտությունը մեզ ի՛նքը պիտի բերի այս կամ այն որոշման։ Ես շատ կարևորում եմ, որ նաև հանրությունը մանիպուլյացիաների չտրվի, այդ թվում՝ իմ կողմից շատ հարգված, սիրված, իմ ընկերների կողմից։ Այս մասին Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնում ընթացող մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ Հանրային երկրորդ հեռուստաալիքի լրագրողի հարցին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարցուպատասխանի ամբողջական սղագրությունը՝ ստորև․
Լրագրող․ ԷԼԱՐԴ-ի հետ երկուսուկես ժամ տևած տեսակապի ընթացքում ձեր բազմաթիվ հարցերին փորձագետներն անընդհատ պատասխանում էին, որ Լիդիանի փաստաթղթերն այնքան թերի են, որ հնարավոր չէ եզրակացնել՝ հանքի շահագործումն անվտանգ կլինի՞, թե՞ ոչ, և որ նույնիսկ որոշ ուսումնասիրություններ ջրերի հետ կապված արված չեն եղել։ Դրանից հետո դուք ձեր լայվով ջերմուկցիներին խնդրեցիք, որ ապաշրջափակեն հանք տանող ճանապարհները, և ասացիք, որ բնապահպանական տեսչական մարմինը ուսումնասիրություն է սկսում։ Սա նշանակում է, որ ԷԼԱՐԴ-ին հատկացված մոտ 400 հազար դոլարը վատնված է, և այս պահին դուք ի՞նչ ճանապարհային քարտեզ եք տեսնում խնդրի լուծման, եթե ձեզ մոտ արդեն հստակ ուղղությաններ կան, ինչպե՞ս կարելի է առաջ շարժվել։
Փաշինայն․ Նախ անդրադառնամ խնդրին՝ 400 հազար դոլարը վատնվա՞ծ է, թե՞ վատնված չէ։ Այդ 400 հազար դոլարը ծախսվել է Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ճշմարտությունը ի հայտ բերելու համար։ Եվ ես չեմ կարծում, որ հանուն ճշմարտության ծախսված որևէ գումար կարելի է համարել վատնված։
Ես ուզում եմ արձանագրել հետևյալը․ սկսած առաջին օրվանից կառավարությունը Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակում հարյուր տոկոսանոց թափանցիկ է աշխատում։ Այսինքն՝ նույնիսկ մեր աշխատանքային խորհրդակցությունների արձանագրությունները հրապարակված են հանրության համար։
ԷԼԱՐԴ-ի հետ սկայպ-կոնֆերանսի ընթացքում նաև այլ հանգամանքներ պարզվեցին։ Պարզվեց, որ այդտեղ կա որոշակի բանավեճ։ Երբ ես հարց տվեցի, թե ձեր առաջարկած պայմաններում երաշխավորո՞ւմ եք անվտանգությունը և այլն, իրենք ասացին, որ բոլոր դեպքերում անվտանգության երաշխավորը «Լիդիան» ընկերությունն է։ Իրենք ասացին, որ պետք է շինարարությունը սկսվի, և մնացած հարցրեը հընթացս կկարողանանք կարգավորել։
Ես ձեզ մի բան ասեմ, որը գուցե ձեր հարցի կոնտեքստը ավելի ուժեղացնի։ Օրինակ, հիշո՞ւմ եք, որ այնտեղ գնաց խոսակցություն կավարտի ջրերի պասիվ մաքրման կայանով մաքրելու վեաբերյալ, երբ որ ԷԼԱՐԴ-ի ներկայացուցիչը ասում էր, որ դրանք ընդհամենը մեկ տարրի մասով են ստուգվել։ Իրականում, սակայն, քրեական գործի նյութերում առկա է, որ դրանք 90 տարրի մաքրման միջոցով են ստուգվել։ Ի՞նչու է ԷԼԱՐԴ-ի ներկայացուցիչն այդպես ասել՝ ես հարց տվեցի քննչական կոմիտեի նախագահին, երբ մենք քննարկում էինք, նաև՝ ինչո՞ւ հենց տեղում չարձագանքեցիք։ Ինքը ասաց, որ ես ձայն խնդրեցի, բայց այնպես ստացվեց, որ ձայն չտվեցիք և այլն, և այլն։
Ճանապարհի մասով․ մենք ունենք Հայաստանի հանրապետության դատարանի որոշում ճանապարհները բացելու վերաբերյալ։ Վարչական դատարանը կայացրել է որոշում ճանապարհները բացելու վերաբերյալ։
Ամուլսարի խնդրի հետ կապված ես ուզում եմ ձևակերպենք իմ և կառավարության ընդհանրական դիրքորոշումը։ Մենք ի՞նչ ենք ասում։ Ասում ենք, որ այս հարցում մենք պետք է մինչև վերջ գնանք ճշմարտության հետևից։ Ճշմարտությունը մեզ ի՛նքը պիտի բերի այս կամ այն որոշման։ Եվ ճշմարտությունների առումով ես շատ կարևորում եմ, որ նաև հանրությունը մանիպուլյացիաների չտրվի, այդ թվում՝ իմ կողմից շատ հարգված, սիրված, իմ ընկերների կողմից։ Որովհետև երբ որ որևէ քաղաքացի [] որևէ սարք է վերցնում և գնում որևէ տեղ կանգնում ու ասում՝ այ հիմա ես ռադիացիան կչափեմ և կպարզվի, որ այստեղ, չգիտեմ, ռադիացիոն այնպիսի ֆոն կա, որ հիմա Հայաստանում կոտորած է սկսվելու, ես դա համարում եմ մանիպուլիացիա։
Ինչո՞ւ եմ ասում՝ ճանապարհները բացեք։ Որովհետև ես համարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կա կառավարություն, որը, եթե փաստացի լինի ճանապարհները փակելու անհրաժեշտություն, կփակի ճանապարհները, եթե լինի բացելու անհրաժեշտությունը՝ կբացի ճանապարհները։
Ես չեմ ընդունում այն տեսակետը, որ կապ չունի՝ ինչ է, այսպես է լինելու և վերջ, ուրիշ տարբերակ չկա։ Եթե որևէ ակտիվիստ կարող է այդպես ասել, կառավարությունն այդպես չի կարող ասել։ Որովհետև կառավարությունը մի մարմին է, որի գործողությունները պետք է լինեն այնպիսին, որ հենված լինեն օրենքի վրա, իրավական լինեն, և բխեն օրենքից և սահմանադրությունից։ Հիմա շատերը ասում են՝ պարզ է ճշմարտությունը, շատ պարզ ճշմարտություն է։ Ես բերում եմ Թեղուտի օրինակը։
Ես երբ արձակուրդում էի և Թեղուտի ամբարտակի պատնեշի շուրջ աղմուկ բարձրացավ, ես առաջին օրը արձակուրդից հետո գնացել եմ աշխատանքի, կառավարության անդամներ են մտել իմ սենյակ և ես ասել եմ՝ հենց այսօր, հենց հիմա Թեղուտի հանքի շահագործումը դադարեցնելու որոշում պետք է կայացնես, որովհետև այնտեղ կա այսպիսի խնդիր, քանդվում է, էսա կքանդվի այդ պատվարը, հազարավոր զոհեր կլինեն, էս կլինի, էն կլինի։ Ես ի՞նչ եմ արել այս պարագայում։ Համապատասխան տեսչական մարմիններին ուղարկել եմ ստուգման, որոնք եկել են և ասել են, որ իրենք երաշխավորում են, որ տեսանելի ապագայում այդ պատվարը չի քանդվի, իսկ անտեսանելի ապագայում՝ պետք է անել փորձաքննություն։ Հեռահար ապագայի համար մենք օգտագործողին պարտավորեցրել ենք, որ միջազգային մակարդակի փորձաքննություն իրականացվի։
Հիմա Թեղուտի հանքի հետ կապված ես անձամբ շատ շահագրգռված եմ եղել, որ Թեղուտի հանքը բացվի։ Ինչո՞ւ։ Որովհետև հասկացել եմ, որ երբ որ այդ հանքը այս վիճակում անտեր է մնացել, ինքն իրենով արդեն էկոլոգիական պրոբլեմ է, և պետք է ամեն ինչ անել, որ լինի սուբյեկտ, որպեսզի Կառավարությունը իրավասություն ունենա նրա առջև դնել կոնկրետ պահանջներ։ Եվ բացի այդ․ մենք այդ մարդկանց խոստացել էիք, որ իրենց աշխատատեղերը կվերականգնվեն։
Եթե մեր համոզված բնապահպան գործընկերների ասածը ճիշտ լիներ, երբ Թեղուտի տարածքում երկուսից երեք բալանոց երկրաշարժ տեղի ունեցավ, այդ պատվարը պետք է վաղուց քանդված ու փլված լիներ։ Հիմա որևէ մեկը ասելո՞ւ է՝ ներողություն, ես սխալվել եմ, փաստորեն, այնպես չէր, որ Թեղուտը երկու ամիս առաջ պետք է փակվեր, իսկ հակառակ դեպքում դա էկոլոգիական աղետ էր բերելու։ Ոչ մեկ չի ասելու, չէ՞։ Ընդհակառակը՝ պաշտպանելու են իրենց դիրքորոշումը։ Ասելու են՝ կոռումպացված է։ Էսա կասեն, որ պուճուր աղջիկս՝ Արփին, Թեղուտում 50 տոկոս փայ է մտել, ինչ ասես՝ կասեն, ամենավերջին, ամենալկտի ստերը կասեն, միայն թե չասեն՝ կներեք, մենք սխալվել ենք, մենք այդքան էլ ճիշտ չենք ասել։
Ամուլսարի հարցում մենք գնալու ենք ճշմարտության հետևից։ Ճշմարտությունը մեզ որտեղ կբերի, մենք կկայացնենք այդ որոշումը։ Ճշմարտությունը մեզ եթե բերի, որ այս հանքը հնարավոր չէ «Լիդիանի» ստանձնած պարտավորությունների շրջանակում շահագործել, այդ հանքը լրիվ օրինական հիմքով մենք կփակենք։
Ընդ որում, հիմա շատերն ասում են՝ կառավարությունը որոշել է տալ թուլտվություն։ Կառավարությունը չի որոշել տալ թույլտվություն։ Թույլտվությունը մեզնից առաջ տվել են։ Հիմա կառավարությունը երկու հարցի պետք է պատասխանի՝ կա այդ թույլտվությունը չեղյալ անելու հիմք, թե՞ չկա։ Եթե կա՝ չեղյալ կարվի։ Եթե չկա՝ չի արվի։ Հակառակ դեպքում Հայաստանի միջազգային տնտեսական վարկանիշը էական անկում կապրի։ Իսկ դա ի՞նչ է նշանակում։ Ինչո՞ւ ենք այդքան կարևորում, որ «Մուդիս»-ը վարկանիշը բարձրացրել է։ Որովհետև Հայաստանի բանկերը, այդ թվում և Հայաստանի պետությունը այս նոր վարկանիշի շնորհիվ ավելի էժան վարկեր կարող են վերցնել։ Դրա շնորհիվ մեր քաղաքացիները գնալով ավելի ցածր գներով վարկեր կստանան։ Իսկ եթե վարկանիշը մեր սխալ գործողությունների արդյունքում անկում ապրի, ընդհակառակը՝ Հայաստանում վարկերը գնալով ավելի կթանկանան։
Լրագրող․ Լիարժեք ճշմարտության հետևից գնալ ասելով, դուք ի՞նչ ժամկետներ նկատի ունեք, պատոն վարչապետ։
Փաշինյան․ Մենք հույս ունեինք, որ ճշմարտությունը հիմա արդեն լրիվ, ամբողջական բացահայտված կլիներ։ Բայց նաև որոշակի ընթացակարգեր կան, որոնք մենք պետք է պահպանենք։
Բայց ես ուզում եմ ասել․ ես առաջին օրվանից չեմ առաջնորդվել մեր Ամուլսարի հանքը փակելու կամ չփակելու կանխավարկածով, ես առաջնորդվել եմ նրանով, որ ինձ անհրաժեշտ է եղել, որպեսզի ես իմանամ ամբողջ ճշմարտությունը հանքի մասին։ Եթե որևէ մեկը գտնում է, որ ճշմարտության հետևից գնալը ճիշտ ճանապարհ չէ, ես այդ մոտեցումը մերժում եմ միանշանակ։ Նշանակում է՝ այդ մարդը առաջարկում է հետևյալը․ ով վեր կենա կառավարության վրա ճնշում գործադրի, կառավարությունը ըստ այդ ճնշման պետք է որոշում կայացնի։ Հիմա կառավարությունը ճնշումով որոշում չի կայացնելու։ Կառավարությունը կայացնելու է որոշում ճշմարտության և օրենքի, իրականության և Հայաստանի ազգային և պետական շահերի վրա հիմնված։