Home / Մարզեր / Իրանի երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում և Ադրբեջանում

Իրանի երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում և Ադրբեջանում

Իրանի երկրաշարժի արդյունքում նվազագույնը 5 մարդ մահացել է, ևս 330֊ը տարբեր աստիճանների վնասվածքներ են ստացել, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

Նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:47-ին) Իրանի Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ, ՀՀ Մեղրի քաղաքից 210 կմ հարավ-արևելք ընկած հատվածում 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ: Երկրաշարժին ավելի քան 50 հետհարված է հաջորդել։ Աղետի գոտում աշխատում են տեղական արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներն ու Կարմիր Խաչի թիմը։

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց ձորի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատի Արարատ քաղաքում և Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ: Ցնցումները զգացվել են նաև Ադրբեջանի հարավային շրջաններում՝ 3-4 բալ ուժգնությամբ։