Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է Կոտայք գյուղում Վարդավառի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Կարեն Գասպարյանին՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գսպարյանի եղբորը։
2018 թվականի հուլիսի 8-ին Կոտայքի մարզի բնակիչը ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 11:30-ի սահմաններում, իրենց տան դիմաց անչափահաս դստեր կողմից Վարդավառի ժամանակ Գասպարյանի BMW X-3 ավտոմեքենան ջրելու կապակցությամբ վերջինիս և իր միջև ծագել է վիճաբանություն, որի ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ։ Մեկ ժամ անց պարզաբանումներ պահանջելու համար Գասպարյանի որդին իրեն կանչել է իրենց ամառանոց, սպանության սպառնալիքներ տվել, պահանջել ծնկաչոք ներողություն խնդրել և բռունցքով հարվածել դեմքին:
Դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից 150-ապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով) և 119-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգումը՝ ցանկացած այնպիսի գործողությունը, որի միջոցով դիտավորյալ կերպով անձին պատճառվում է ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք, պատժվում են ազատազրկմամբ՝ 3-7 տարի)։
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ այդ օրը երեխաները գյուղի 3-րդ փողոցում ու հարակից հատվածում ջրոցի էին խաղում, ինչի ընթացքում թռչել էին նաև նախկին ոստիկանապետի եղբոր մեքենան։
«Գասպարյանը, համայնքի մյուս բնակիչների և երթևեկության մասնակիցների նկատմամբ իր անձի առավելությունը ցուցադրելու նպատակով, ակնհայտ արհամարհանք դրսևորելով, ցուցադրական կերպով ավտոմեքենան կանգնեցրել է ճանապարհի միջնամասում, խոչընդոտելով երթևեկությունը, իջել ավտոմեքենայից և ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, խուլիգանական դրդումներով աղմկել է, վիրավորել անչափահասին, այնուհետև նաև՝ բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ:
Աղջնակի հայրը, պատշգամբից ականատես լինելով միջադեպին, Կ.Գասպարյանից պահանջել է անհապաղ թողնել երեխային և հեռանալ, սակայն Գասպարյանը հայհոյել է երեխայի հորը, ապա փորձել բռնություն գործադրել նաև նրա նկատմամբ, բայց վեճը դադարել է հավաքվածների միջամտությամբ:
Սակայն Կ.Գասպարյանը, չհանդուրժելով տեղի ունեցածը, նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, երեխայի հորը հրավիրել է իր ամառանոց, որտեղ իր որդու և վերջինիս երկու ընկերների ու ամառանոցի պահակի, ինչպես նաև տուժողի եղբոր որդու և հարևանի ներկայությամբ, երեխայի հորից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել՝ իրեն հակադրվելու համար:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քննության ընթացքում Կ.Գասպարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 300-ապատիկի չափով, կամ կալանքով` 1-3 ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով):
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան», – նշված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
2018-ի Վարդավառի միջադեպի ականատեսներն են եղել Կոտայք համայնքի մի խումբ բնակիչները, ովքեր պատմել են, թե ինչպես է նախկին ոստիկանապետի եղբայրն ու նրա որդին բռնություն գործադրել 13-ամյա աղջկա նկատմամբ ու ծեծի ենթարկել նրա հորը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Սոնան պատմում է, որ մեքենան ջրելուց հետո Կարեն Գասպարյանը, արգելակելով ավտոն, մոտեցել է աղջկան, բռնել է մազերից ու փորձել գլուխը մտցնել մոտակա առվակի մեջ։
Տարածքում ներկա մեծահասակները մի քանի անգամ ներողություն են խնդրել, մինչդեռ Գասպարյանը, ըստ նրանց, շարունակել է հայհոյանքներ հնչեցնել։ Միջադեպից վախեցած երեխաները պատմում են, որ մեքենայում է եղել նաև Կարեն Գասպարյանի դուստրը, որը ձեռքում առկա էլեկտրաշոկով սպառնացել է իրենց։
Լսելով հայհոյանքները՝ Գասպարյաններին են մոտեցել նաև 13-ամյա Սոնայի հայր՝ Ավետիք Սարգսյանը։ Սկսվել է քաշքշուկ, մի քանի րոպե անց, տարածքում հավաքված գյուղացիրներին ի վերջո հաջողվել է հանդարտեցնել կրքերը: Հորը հրավիրել են Գասպարյանի առանձնատուն, ինչից հետո ուղեղի ցնցումով հիվանդանոցում հայտնված տղամարդը պատմել է, որ բակ մտնելուց հետո Կարեն Գասպարյանը փակել է դարպասները ու իրեն ստիպել ծնկի գալ, ինչից հետո նրա որդին սկսել է հարվածներ հասցնել դեմքին։
«Ասեց՝ ես հաճույք եմ ստանում իմ դեմ ծնկի գան, մեկ էլ հաճույք եմ ստանում մարդ սպանելուց: Ստիպված երեխայի խաթրու ծնկի եմ եկել, որ բաց թողնեն: Ու դրանից հետո, ծնկի գալուց հետո նորից ինձ հարվածեցին: Վախացնելով՝ ընտանիքդ կվերացնենք, տունդ կտրաքացնենք, եթե մի այլ քայլ դիմես․․․ Հարվածողը Կարեն Գասպարյանի որդին էր: Իսկ ինձ սպառնացողը հենց Կարեն Գասպարյանն էր»:
Առանձնատանը տեղի ունեցածին ականատես է եղել նաև Ավետիք Սարգսյանի 18-ամյա եղբոր որդին և համագյուղացի թոշակառու Շուրա Մելքոնյանը։ Վերջիններիս խոսքով, դարպասները փակելուց հետո, մոտ մեկ տասնյակ այլ անձինք են մոտեցել իրենց, իսկ Ավետիք Սարգսյանին ծնկի բերելու և ծեծելու ողջ գործընթացը Գասպարյանները կատարել են ընտանիքի կանանց ներկայությամբ։