Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, վարչական դատարանի Վանաձորի նստավայրի դատավոր Ալավերդյանը մերժեց Վանաձորի 20 գրադարանավարների հայցը՝ Վանաձորի ավագանու 2017 թ. ապրիլի 18-Ա որոշման 1.1 կետը առոչինչ ճանաչելու վերաբերյալ։ Վանաձորի ավագանին որոշման այդ կետով սահմանել է ՀՈԱԿ-ի հաստիքացուցակը և ըստ դրա՝ հայցվոր գրադարանավարների հաստիքները կրճատվել են:
Դա հիմնավորել Է Սահմանադրական դատարանի 2017թ. նոյեմբերի 10-ի որոշմամբ, որով Սահմանադրական դատարանը պարտադիր է համարել կոլեգիալ մարմնի կողմից որոշում կայացնելու համար բազմակարծության ու այնպիսի թվաքանակի ապահովումը, որը կերաշխավորի որոշում կայացնելու կարողունակությունը: Եվ այդ որոշմամբ Սահմանադրական դատարանը ուժը կորցրած է ճանաչել Վանաձորի ավագանու՝ 2017թ. մարտի 31-ի մի շարք որոշումներ:
Վանաձորի ավագանու՝ 2017թ. ապրիլի 18-ի՝ վերոնշյալ որոշումը ևս կայացվել է նույն կազմով՝ առանց քվորումի, բազմակարծության ու իրավազորության ապահովման: Այսինքն՝ Վանաձորի ավագանին որոշում է կայացրել՝ որոշում կայացնելու իրավասություն չունենալով:
Վարչական դատարանի՝ դեկտեմբերի 3-ի որոշումը գրադարանավարների ներկայացուցիչ Զալյանը կբողոքարկի Վերաքննիչ դատարանում։