Եվրախորհուրդը հաստատել է Հայաստանը ԵՄ հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների (The EU list of non-cooperative jurisdictions for tax purposes) «մոխրագույն ցուցակից» հանելու որոշումը։ Այսինքն, ԵՄ գործընկերները Հայաստանը դիտարկելու են որպես հարկային առումով համագործակցելի երկիր։
Եվրամիության հետ չհամագործակցողների «սև ցուցակում» հայտնվում են երկրները, որոնք չեն համագործակցում ԵՄ հետ և համարվում են «անդրծովային հարկային տարածքներ»։ «Մոխրագույն ցուցակում» հայտնվում են երկրները, որոնք որոշակի պարտավորություններ են ստանձնել «սև ցուցակում» չհայտնվելու համար։
Հայաստանի Հանրապետությունն իր ստանձնած պարտավորությունները կատարել է։ Մասնավորապես, վերանայվել է հարկային օրենսգիրքը՝ սահմանափակելով արտահանման ծրագրեր իրականացնողների համար շահութահարկով հարկմամբ սահմանված արտոնյալ կարգավորումները, 2019-ի փետրվարին պաշտոնապես անդամակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) BEPS ծրագրի ներառական հարթակին և ստանձնել հարկային օրենսդրության մեջ նշված ծրագրի 4 նվազագույն ստանդարտները տեղայնացնելու պարտավորություն: