Պետական եկամուտների կոմիտեի գործառույթների մեջ չեն մտնում «ընտանիք, երեխա, անապահով ընտանիք» հասկացողությունները, բայց քանի որ կառույցը համապատասխան գործիքներ ունի, ՊԵԿ նախագահն աջակցություն է առաջարկել կառավարությանը։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը։
Պատասխանելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում կառույցի հասցեին՝ շահառուների ցուցակների մասով անճշտությունների հետ կապված քննադատության մասին հարցին, նա նկատել է․ «Երբ ասում են, որ ՊԵԿ-ի հասցեին բողոքներ են հնչում, դրանք, հնարավոր է, օբյեկտիվ են, բայց օբյեկտիվ չեն ՊԵԿ-ի հասցեին․․․ Դրանք ունեն երկու ուղղություն․ օրինակ, կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառումը․ անչափահաս ունեցող ընտանիքներին տրամադրվող օգնությունը․․․ ՊԵԿ-ն անչափահասների ռեեստրի հետ ընդհանրապես որևէ կապ չունի։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՊԵԿ-ում զարգացած են տեղեկատվական տեխնոլոգիաները, կան համապատասխան գործիքներ, որպեսզի մենք կարողանանք տվյալներ վերլուծել, ՊԵԿ նախագահն առաջարկել է, որ մենք աջակցենք էն մասերով, որոնք կապ ունեն ՏՏ վերլուծության, շտեմարանների կառուցման, տեղեկատվության փոխանակման հետ»։
Դրա հետ մեկտեղ Փաշայանը պատմեց, որ Պետեկամուտների կոմիտեն տեղեկատվությունը հավաքագրել է մի քանի տեղեկատվական շտեմարաններից և ուղարկել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն․
«Դա օբյեկտիվ է, որ ՀՀ-ում դեռևս կան խնդիրներ՝ տեղեկատվական շտեմարանների ճշտության հետ կապված։ Մենք տեղեկատվությունը մի քանի աղբյուրներից հավաքել, փորձել ենք հանրային ծառայության համարանիշների հիման վրա իդենտիֆիկացնել այդ տվյալները, իսկ որոնք անհնար է եղել իդենտիֆիկացնել, ուղարկել ենք Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, որպեսզի նրանք կարողանան վերջնական ցուցակներ ներկայացնել վճարումների համար»։
Խոսելով համավարակով պայմանավորված իրենց կողմից իրականացված գործողությունների մասին, տեղակալն ասաց, որ վերջին երկու ամսվա ընթացքում շատ արագ էլեկտրոնային վճարման համակարգ ներդրվեց, ինչը մի քանի անգամ կրճատեց «հարկ վճարողների բանկ այցելություններով պայմանավորված շփումները»։
Ըստ նրա՝ աշխատանքներ են իրականացվել նաև այլ ուղղություններով․
«Հենց այսօր Կենտրոնական բանկի հետ քննարկում ենք նոր, արդեն վիրտուալ ՀԴՄ-ի գաղափարը։ Եվ սպասում ենք, որպեսզի բիզնեսն առաջ գա և ինտեգրվի էդ համակարգում, որը հնարավորություններ է տալու էլեկտրոնային ծառայություններ մատուցող կազմակերպություններին։
Նաև համավարակի պայմաններում մի քիչ լայնացրեցինք շրջանակը․ բոլոր այն կազմակերպությունները, որոնք ծառայություններ են մատուցում հեռախոսի միջոցով, պատվերներ են ստանում տարբեր եղանակներով, դա էլեկտրոնային ՀԴՄ-ն է, որն ինտեգրվում է իրենց ներսի էլեկտրոնային կառավարման համակարգի հետ և, փաստորեն, տեղեկատվությունն օնլայն եղանակով ֆիսկալավորվում է ՊԵԿ-ում և հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը վայրկյանների ընթացքում կարելի է ուղարյել թե՛ մեյլին, թե՛ տպել այն»։