Home / Առողջապահություն / «Կոշ»-ի դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն

«Կոշ»-ի դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն

«Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն․ մյուսների թեստի պատասխանը բացասական է: Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը։ Ըստ Ֆեյսբուքում արված գրառման՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվել և թեստավորվել են նաև «Կոշ» ՔԿՀ-ում պահվող բոլոր անձինք․ բոլորի պատասխանը բացասական է։

Անազատության մեջ պահվող դատապարտյալներից մեկից նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) առկայության կասկածանքով հունիսի 6-ին վերցվել է փորձանմուշ: Ստացված փորձաքննության դրական պատասխանի հանգամանքով պայմանավորված՝ դատապարտյալը տեղափոխվել է ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։

«Տեղափոխման ընթացքում թե´ դատապարտյալը, թե´ ուղեկցող անձնակազմը ապահովված են եղել անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակ, ձեռնոց, ինչպես նաև հատուկ արտահագուստով: «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալը տեղաբաշխվել է հատուկ առանձնացված կացարանում (հատուկ կահավորված և տեխնիկապես հագեցած կացարան):

Հիշեցնենք, որ դեռևս ապրիլից, կանխարգելիչ համալիր միջոցառումների շրջանակում, հնարավոր հիվանդների մեկուսացման նպատակով Արդարադատության նախարարությունը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի երկու մասնաշենքերի շքամուտքում հրատապ կարգով կառուցել էր վարակազերծման և ախտահանման համար նախատեսված նախասրահ: Բացի այդ, «Դատապարտյալների հիվանդանոց»-ի տուբերկուլոզային և նարկոլոգիական մասնաշենքերն ամբողջությամբ դատարկվել էին, որպեսզի հարկ եղած դեպքում օգտագործվեին բացառապես որպես կորոնավիրուսային վարակի կանխարգելման կարանտինային գոտի: Առանձնացված 2 մասնաշենքերը միասին ունեն մինչև 150 մահճակալային ֆոնդ», – գրել է Մարտիրոսյանը:

Մայիս ամսին նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել էր, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» արդեն վաղուց հատուկ կահավորված երկու մասնաշենք է նախապատրաստված, որտեղ հնարավոր կլինի արդյանավետ բուժում, արդյունավետ վերահսկողություն և մեկուսացում ապահովել։

«Մեզ մոտ, երևի, քրեակատարողական հիմնարկն ամենաանվտանգ տեղն է կորոնավիրուսի տարածման առումով», – ասել էր նա։

Tekali Taxi